Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 9-ը մարտի․ Քոչարյանը զգուշացնում է հայտարարության հեղինակներին (տեսանյութ)

1998-ի այս օրերին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրության քարոզարշավի եռուն շրջան էր։ Մարտի 8-ին Արարատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաժանաբար ծեծի ենթարկվեցին Վազգեն Մանուկյանի ընտրական թիմի ներկյացուցիչներ Սամվել Շահինյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։ Մարտի 9-ին կատարվածի վերաբերյալ ինքնատիպ գնահատական հնչեցրեց նախագահի իշխանական թեկնածու, գործող վարչապետ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե որոշ թեկնածուներ կարոտում են 1996-ի ընտրությունները, բայց ինքը նման հնարավորություն չի ընձեռի։ Քոչարյանն ակնարկում էր, թե 96-ի ընտրություններն ու հետընտրական շրջանն անցել էին զանգվածային ծեծուջարդով, ռեպրեսիաներով, ձերբակալություններով։ Քոչարյանը հետագայում շատ դեպքերում հարկադրված եղավ գնալ անգամ առավել բիրտ ու կոպիտ մեթոդների, քան 96-ին էին։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանի շտաբի անդամների ծեծից ընդամենը 2 օր անց Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ նույն Արարատում անցկացվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուների միասնական հանրահավաք։

            2000 թվականին դարձյալ այս օրը վճռական էր Ռոբերտ Քոչարյանի համար։ Նա հրապարակայնորեն անդրադարձավ օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների՝ իրեն ուղղված պահանջագրին։ Դաշինքը պահանջում էր նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին եւ Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականները։ Քոչարյանը հայտարարությունը համարեց անհեթեթ, պահանջներն՝ անտակտ, իսկ երեւույթը՝ մտահոգիչ։

Քոչարյանը զգուշացրեց հայտարարության հեղինակներին, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ Եվ իսկապես էլ՝ շատ ժամանակ չանցած վարչապետ Արամ Սարգսյանն ու Հանրապետության դատախազ Բորիս Նազարյանը պաշտոնանկվեցին։ Իսկ ահա, «Միասնություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նույն Քոչարյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ։ Եվ դա ի հեճուկս այն փաստի, որ մարտի 9-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե խղճալ կարելի է մի ժողովրդի, որի պառլամենտի մեծամասնության առաջնորդը Մարգարյանն է։

1999-ին մարտի 8-ից 9-ի գիշերը վրաերթի ենթարկվեց եւ մահացավ հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը։ Մարտի 9-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀՇ վարչությունը՝ նշելով, թե կատարվածը քաղաքական սպանություն է, որով սկիզբ է դրվում խոսքի ազատության սահմանափակումներին։ Դժվար է միարժեքորեն պնդել, թե երբ է դրվել սահմանափակումների սկիզբը, բայց որ մեր երկիրն այս ոլորտում շարունակաբար պրոբլեմներ ունեցել է, անժխտելի է։ Ի դեպ, Հայրապետյանի մահը դիտավորյալ սպանություն էր համարում նաեւ նրա մայրը։

2001-ի այս օրը Հայաստանը լքելու մտադրության մասին վրդովված բարձրաձայնեց աշխարհառչակ մաեստրո Օհան Դուրյանը։ Պատճառը մշակույթի նախարարության կոլեգիայի որոշումն էր Դուրյանին օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Մաեստրոն 10 տարի անվճար աշխատել էր հայրենիքում՝ կառավարության հրավերով։

2010 թվականին էլ այս օրը վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման ենթարկելու մասին՝ սրբագրելով այն համաներման կիրառմամբ, որով պատժաչափը կրճատվում է 50 տոկոսով։ Փաշինյանի փաստաբանը հերթական անգամ հայտարարեց, որ իրենք համաներման կիրառումը չէ, որ պահանջում են, այլ՝ արդարացման դատավճիռ։