Չեմպիոնների լիգան կմեկնարկի առանց ռեկորդակրի. Ինչո՞ւ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր 8 հանդիպումով կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2022-23թթ խաղարկության խմբային փուլը: 32 ակումբներ 9 ամիս պայքար կմղեն եղրափակիչ հանդիպման երկու ուղեգրերի համար, որը կկայանա 2023թ հունիսի 10-ին, Ստամբուլում:
Այս խաղարկությունը կարող է լինել երբևէ եղած մրցաշարերից լավագույնը: Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և նրա գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը, չի կարելի հերքել, որ որոշ խմբերում հավաքվել են գերակումբներ, որոնք, կարծես, այլ մոլորակից են: Դրանք հարուստ ակումբներ են, ունեն հզոր կազմ, ուրույն խաղաոճ, «սովորություններ և ավանդույթներ»:
Գլխավոր ֆավորիտներ համարվում են գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», «ՊՍԺ-ն»: Սակայն, նրանց հեշտ կյանք չի սպասվում, քանի որ անակնկալներ կարող են մատուցել նաև Լոնդոնի «Չելսին» ու «Տոտենհեմն» իրենց ամբիցիոզ մարզիչներով, որոնք քիչ էր մնում իրար ծեծեին Անգլիայի առաջնության խաղի ժամանակ: Աստիճանաբար իրեն վերագտնում է «Բարսելոնան», դեռևս մրցունակ է Մադրիդի «Աթլետիկոն»: Չմոռանանք նաև իտալական քառյակին («Միլան», «Ինտեր», «Յուվենթուս», «Նապոլի»), որոնք նվեր չեն ցանկացած մրցակցի համար:
Ի դեպ, չեմպիոնների լիգան այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը: 1992-93թթ կայացած անդրանիկ խաղարկությանը մասնակցել էին 8 թիմեր, որոնցից 6-ը հանդես կգան ընթացիկ մրցաշարում: Դրանք են իսպանական «Բարսելոնան», պորտուգալական «Պորտուն», իտալական «Միլանը», շոտլանդական «Գլազգոն», բելգիական «Բրյուգեն» և ֆրանսիական «Մարսելը» (մյուս երկուսը Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու շվեդական «Գյոթեբորգն» էին):
Զարմանալի չէ, որ «Բարսելոնան» 28-րդ անգամ է մասնակցելու խմբային փուլին: Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը»՝ 27 մասնակցություն, ապա «Բավարիան» ու «Պորտուն»՝ 26-ական: Նախկին Խորհրդային Միության հանրապետությունների թիմերից բոլորից հաճախ լիգայում խաղացել է Կիևի «Դինամոն»՝ 18 անգամ:
Ի դեպ, անցած 30 տարիների ընթացքում չեմպիոնների լիգայի հաղթող դարձել են 7 երկների ներկայացուցիչներ, որոնցից միայն նիդեռլանդական «Այաքսն» ու պորտուգալական «Պորտուն» եվրոպական թոփ 5 երկրներից չեն: Մրցաշարում բոլորից շատ խաղեր անցկացրել է պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն՝ 183 հանդիպում: Նրան է պատկանում նաև խփած գոլերի ռեկորդը՝ 140: Նա նաև յոթ անգամ ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:
Վերջում նշենք, որ ընթացիկ խաղարկությունում կա մեկ նորեկ: Դա Գերմանիան ներկայացնող Ֆրանկֆուտի «Այնտրախթն» է, որը Եվրոպայի լիգայի անցած խաղարկության հաղթողն է: Մնացած 31 թիմերը բազմիցս մասնակցել են չեմպիոնների լիգայի խմբային փուլին:
Չեմպիոնների լիգա-2022-23
Խմբային փուլ
1-ին տուր
6 սեպտեմբերի
20:45 «Դինամո» (Զագրեբ) - «Չելսի»
20:45 «Բորուսիա» (Դորտմունդ) - «Կոպենհագեն»
23:00 «Բենֆիկա» - «Մաքաբի» (Հայֆա)
23:00 «Սելթիկ» - «Ռեալ»
23:00 «ՊՍԺ» - «Յուվենթուս»
23:00 «ՌԲ Լայպցիգ» - «Շախտյոր» (Դոնեցկ)
23:00 «Զալցբուրգ» - «Միլան»
23:00 «Սևիլյա» - «Մանչեսթեր Սիթի»