Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը:

 

Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:

 

Այսպիսով՝ Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մ է։ Ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։ Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։

 

Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։ Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։