Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի
Աջակցիր «Ա1+»-ինԲարերար, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Երեւանում։
Առաջարկի նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու վաղվա նիստում։ Մոսկովյան փողոցի հ.31 հասցեում հուշատախտակ ամրանելու միջնորդությունը ներկայացվել է քաղաքացի Ալեքսան Բաբայանի կողմից: Իսկ հուշատախտակի տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու է Հայրապետյանների ընտանիքի կողմից։
Լեւոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին, Մորդովիայում՝ կալանավայրում:
Հիշեցնենք, նա ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։
Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։ Լեւոն Հայրապետյանը համարվել է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Նա իր միջոցներով վերակառուցել էր Գանձասարի վանական համալիրը։ Նա կազմակերպել էր նաեւ 700 երիտասարդ զույգերի մասնակցությամբ համատեղ պսակադրություն, որն իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլեւ ողջ Հայաստանում։