ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգան կմեկնարկի Իսլանդիա կղզում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր` 2022-23թթ խաղարկությունը:
Առաջինը պայքարի մեջ կմտնեն նախնական փուլում ընդգրկված թիմերը: Դրանք են Էստոնիայի «Լևադիան», Սան Մարինոյի «Լա Ֆիորիտան», Անդորայի «Ինտեր Էսկալդեսը» և Իսլանդիայի «Վիկինգուրը»:
Վիճակահանությամբ որոշվել են կիսաեզրափակիչ զույգերը: Դրանց հաղթողները կմտնեն եզրափակիչ, որտեղ կվիճարկեն որակավորման 1-ին փուլի միակ ուղեգիրը: Պարտություն կրած երեք թիմերը ելույթները կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի չեմպիոնական խմբում:
Նախնական փուլի բոլոր խաղերը կկայանան Իսլանդիայում: Այսօր առաջինը կմրցեն «Լևադիան» ու «Վիկինգուրը»: Երեկոյան միմյանց հետ կհանդիպեն «Լա Ֆիորիտան» ու «Ինտեր Էսկալդասը»: Եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 24-ին:
Այս փուլի արդյունքները հետաքրքիր են նրանով, որ եզրափակիչում պարտություն կրած թիմը կարող է դառնալ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակից, եթե, իհարկե, մեր թիմը չկարողանա հաղթահարել ռումինական «Կլուժի» արգելքը չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում:
Նշենք, որ «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղը կանցկացնի սեփական դաշտում, հուլիսի 5-ին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, Կլուժ Նապոկա քաղաքում: