Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը կվերսկսվի
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը որոշել է վերսկսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին դատարանը որոշում էր կայացրել վճռի հրապարակման ժամկետը երկարաձգել` ժամկետ սահմանելով ապրիլի 20-ը։ Իսկ ապրիլի 20-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում ոչ թե վճիռ է հրապարակվել, այլ որոշվել է վերսկսել գործի դատաքննությունը։
Դատարանը հաշվի է առել ՀԿԴ/0025/02/22 քաղաքացիական գործը։ Ըստ հիմնավորման՝գործն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հակակոռուպցիոն քաղաքացիական առաջին գործն է, որն անցել է եռաստիճան դատական համակարգով և Վճռաբեկ դատարանը 15/04/2026 թվականի որոշմամբ, բեկանելով տվյալ գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, օրինական ուժ է տվել հակակոռուպցիոն դատարանի 01/07/2024 թվականի վճռին՝ մեկնաբանություններ տալով այն իրավական նորմերին, որոնք կիրառելի են նաև Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց գործով։ Դատարանն անհրաժեշտ է համարել որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանք, լրացուցիչ պարզել կողմերի դիրքորոշումները Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշմամբ իրավական նորմերին տրված մեկնաբանությունների վերաբերյալ։
Այդ գործով պատասխանողներ են՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ նրա կինը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը։
Իսկ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 25-ին՝ ժամը 10․00-ին։