Բացել լրահոսը Փակել լրահոսը
Taliban-US-Talks-2-1024x520
A A
Քաղաքականություն

«Թրամփը ցանկանում է հնարավորինս սեղմ ժամկետներում գալ համաձայնության»․ իսկ ի՞նչ փոփոխություններ կլինեն հայ խաղաղապահների հարցում

Օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված ամերիկյան զորքերը  Աֆղանստանից դուրս բերելու հարցում։

Իսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Մարք Էսփերը երեկ հայտարարել էր, որ «Թալիբան» իսլամական շարժման հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ առաջիկա 10 օրերի ընթացքում ամերիկյան զորուժը դուրս կգա Աֆղանստանից, սակայն ԱՄՆ-ը նախ իր զորուժի թիվը կհասցնի 6 հազար 800-ի, ինչից հետո, ըստ իրավիճակի գնահատականի, հաջորդ քայլերը կարվեն:

«Ա1+»-ն այս թեմայի շուրջ զրուցեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։  Հարցին, թե արդյո՞ք կարող է սա ազդել նաև Հայաստանից խաղաղապահների թվի կրճատման վրա, Սարգսյանը պատասխանեց, որ բնականաբար կարող է։  

Ամերիկագետն ասաց, որ ԱՄՆ-ի և թալիբանների միջև պայմանավորվածության մի մասը ձեռք է բերվել, և նաև չի բացառվում, որ մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպի նրանց հետ։

«Նման փորձ մի քանի ամիս առաջ արվեց։ Հանդիպում պետք է տեղի ունենար թալիբանների և ԱՄՆ-ի միջև, բայց Աֆղանստանում ամերիկացի զինվորական սպանվեց թալիբանների կողմից կազմակերպված հարձակման հետևանքով,  և դրանից հետո Թրամփը չեղարկեց հանդիպումը և բանակցությունները։ Բայց հիմա, կարծես թե, այդ միջադեպից որոշ ժամանակ անց նորից վերսկսվել են բանակցությունները։ Թրամփը ցանկանում է հնարավորինս սեղմ ժամկետներում գալ համաձայնության՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու համար»,- նշեց նա։

Ամերիկագետը հիշեցրեց, որ սա Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է (18 տարի), և սա չափազանց կարևոր նշանակություն ունի գործող վարչակազմի և Թրամփի համար` մանավանդ հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի ընտրություններին մի քանի ամիս է մնացել․ «Սա բավականին լուրջ դրական ազդեցություն կարող է ունենալ Թրամփի համար, եթե նա պայմանավորվածություն ձեռք բերի»։

Նա իրատեսական է համարում ամերիկյան զորքերի դուրսբերումը, քանի որ հիմնական պայմանավորվածութունների փաթեթը կա, և վերջին շտրիխը, կարծես թե, Թրամփի հանդիպումն է, որտեղ կազդարարվի բանակցությունների բարեհաջող ավարտը, իսկ զորքերի դուրսբերումը վերաբերում է մի քանի հազարի հասնող ամերիկյան կոնտիգենտին։

«Այստեղ շատ կարևոր է նաև պայմանավորվածություն ձեռք բերել Պակիստանի հետ։ Որովհետև Պակիստանը նույնպես անմասն չէ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններից և ամբողջապես աջակցում է թալիբաններին․ աջակցության հիմնական մասը հենց Պակիստանից է գալիս»,- նկատեց միջազգայնագետը։

Ըստ Սարգսյանի՝ հենց այս պատճառով է, որ ԱՄՆ և Պակիստանի հետ հարաբերությունները լարվել են, և ԱՄՆ նախագահը որոշել էր ամբողջապես կրճատել Պակիստանին տրամադրվող օգնությունը։

«Այնպես որ, սա պայմանավորվածությունների բավականին մեծ փաթեթ է, որը որ Թրամփի համար սկզբունքային նշանակություն ունի։ Եվ կարծում եմ, որ եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես որ պլանավորել է Միացյալ նահանգների Ազգային անվտանգության խորհուրդը, ապա մինչև ընտրություններն արդեն Թրամփի համար լուրջ ձեռքբերում կլինի, և նա ցույց տալու լուրջ բան կունենա»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

Իսկ արդյո՞ք համաձայնության պարագայում, Ռուսաստանի Դաշնությունը կօգտվի առիթից Աֆղանստանում իր ազդեցութունը տարածելու համար։

Այս մասով տարածաշրջանային հարցերով փորձագետն ասաց, որ չի կարծում, թե Ռուսաստանը կօգտվի առիթից, որովհետև աֆղանական փորձը Ռուսաստանի, նաև Խորհրդային Միության համար բերենպաստ չի եղել, և որևէ անհրաժեշտություն, գոնե զինված ներկայության անհրաժեշտություն՝ ՌԴ-ն չունի։

Չինաստանի մասով Սուրեն Սարգսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել Չինաստանի լրջագույն ազդեցությունը Պակիստանի վրա, և բնական է, որ Չինաստանն ազդեցության որոշակի լծակներ ունի վերջինիս վրա։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա Աֆղանստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունի, բայց չեմ էլ կարծում, որ Իրանը շահերի սպասարկման և զորք տեղակայելու կարիք ունենա։ Համենայնդեպս պայմանավորվածությունների արդյունքում բնականաբար Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումը չի նշանակում, որ տարածաշրջանում կամ Աֆղանստանում ԱՄՆ-ի հետաքրքրվածություններն ավարտվում են։ Դրանք դեռևս ունենալու են շարունակական բնույթ, և Միացյալ նահանգներից զորքերի փոքր կոնտինգենտ կմնա»,- շեշտեց տարածաշրջանային հարցերով փորձագետը։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք պատկերացնում է, թե որն է լինելու զորքերի այլընտրանքը, Սարգսյանն ասաց, որ դժվար կլինի ասել, թե որը կլինի, սակայն կարելի է դատել Սիրիայի տարբերակից․ երբ Սիրիայում ԱՄՆ-ը 2-3 հազար զորք ուներ, մի քանի հարյուրն են մնացել, որոնք, ըստ անհրաժեշտության, պաշտպանելու են ինչ-որ հատուկ նշանակության տարածքներ, հատուկ նշանակության նավթահորեր և այլն։

«Այնպես որ ես կարծում եմ՝ Միացյալ Նահանգները շատ արագ կսկսի զորքի դուրսբերումը, և խոսքը կարող է գնալ մինչև 90 տոկոսի դուրսբերման մասին ՝ մինչ նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբեր ամսին»,- եզրափակեց ամերիկագետը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և թալիբանների մեջև բանակցությունների կոնտեքստում ինչ-որ քայլեր կատարվում են հայ խաղաղապահների թվի կրճատման կամ ընդհանրապես դուրսբերման մասով։

«Որևէ առարկայական բան չենք որոշել։ Մենք մեր դաշնակիցների, գործընկերների հետ, ում հետ, որ դա իրականցնում ենք, մշտական կոնսուլտացիաների մեջ ենք։ Որևէ որոշում կայացվի, ապա կիմանաք»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։