Ով ինչ կարգախոսով է մտել ընտրապայքար
Աջակցիր «Ա1+»-ին2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերն ընտրողին ներկայանում են ոչ միայն իրենց ծրագրերով ու խոստումներով, այլև մի քանի բառով ձևակերպված կարգախոսներով, որոնցում փորձում են ամփոփել սեփական քաղաքական ուղերձն ու տեսլականը։
«Ա1+»-ը զրուցել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց կարգախոսների իմաստը։
1․ Ռեֆորմիստների կուսակցություն. «Անվտանգություն և զարգացում»
Գլխավոր շեշտադրումը անվտանգությունն է, քանի որ, ըստ թիմի, այսօրվա քաղաքական բանավեճը սահմանափակվել է «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» հարցով։ Ռեֆորմիստները կարծում են, որ առանց անվտանգության լուրջ համակարգի հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության, և երկիրը մշտապես կմնա տատանումների մեջ։
2․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն. «Բոլորին դեմ եմ»
Կուսակցությունն իր անունը ընտրել է որպես կարգախոս։
3․ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ. «Փոփոխություններ Սամվել Կարապետյանի հետ»
Դաշինքում վստահ են, որ գործող իշխանության իրական այլընտրանքը Սամվել Կարապետյանն է։ Նրանց խոսքով՝ փոփոխությունները հնարավոր են միայն նրա առաջնորդությամբ, քանի որ հենց նա կարող է հաջողության հասնել քաղաքական պայքարում և փոփոխություններ բերել երկրին։
4․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Գործը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք» / «Խաղաղությունը շքեղություն է, և միայն ուժեղները կարող են դա իրենց թույլ տալ»
Առանց աշխատանքի հնարավոր չէ ուժ «ամբարել», իսկ թույլերը, բնականաբար, չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները։ Ըստ ուժի՝ խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ պետության դեպքում, և իրենց ուղերձը հենց «հավասարակշռված խաղաղության» մասին է։
5․ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Կառուցենք կարգին երկիր»
Կուսակցությունում նշում են, որ իրենց օրակարգում եվրոպականացումը, ազնիվ ու կոմպետենտ կառավարումն ու արժանապատիվ խաղաղությունն են։ Իրենք իրենց համարում են 2018 թվականի հեղափոխության արժեքների շարունակողներ ու ժառանգորդներ և պնդում, որ գործող իշխանությունը շեղվել է այդ սկզբունքներից։ «Կարգին» բառի մեջ, ըստ ուժի, ամփոփված են արժանապատվությունը, պարտաճանաչությունը, խելամտությունն ու բանիմացությունը՝ ամենադրական բառերը։
6․ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Արդարությունը գալիս է»
Ուժը համարում է՝ հայ հասարակությունն այսօր արդարության մեծ պահանջ ունի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։ Նրանց խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ձևավորվել է հենց այդ պահանջը բավարարելու համար։
7․ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»
Կուսակցությունում նշում են, որ խոսքը ոչ թե «իմիտացիոն խաղաղության», այլ երաշխավորված խաղաղության մասին է՝ տնտեսական անվտանգության, արտաքին համագործակցության և կայունության հիմքով։
8․ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Հավատք, հայրենիք, ինքնիշխանություն»
«Այս երեք բառերը խորհրդանշում են այն հիմնասյուները, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու համար»,- փոխանցում են կուսակցությունից։
9․ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Ազգային այլընտրանք կա»
Ըստ կուսակցության՝ Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմի՝ «հյուսիս կամ արևմուտք» տրամաբանությամբ, և իրենք ցանկանում են ներկայացնել ազգային շահի վրա հիմնված այլընտրանք՝ առանց որևէ այլ երկրի միջամտության։
10․ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Խելամիտ ուղի»
Ըստ ուժի՝ «Խելամիտ ուղի»-ն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական, իրատեսական, հաշվարկված և արդյունավետ զարգացման ճանապարհը: Հավատարիմ իրենց հիմնարար սկզբունքին, այն է՝ «Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է»։
11․ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»
Կուսակցությունում վստահ են, որ իրենց կարգախոսն ամեն ինչ ասում է, բացատրություններ տալու կարիք չկա։
12․ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ.
Կուսակցությունը հայտարարում է, որ իր նպատակը «ուժեղ տնտեսություն, հզոր բանակ և նոր որակի պետական կառավարում» ձևավորելն է։ Իրենք ցանկանում են կառուցել պատասխանատու, արդյունավետ և արժեքների վրա հիմնված հասարակություն՝ հանուն ապահով և բարեկեցիկ Հայաստանի։ Բայց կարագախոս դեռ չունեն։
13․ «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մասնակցում է մի քանի կարգախոսներով՝ «Մահապատիժ պետական դավաճաններին», «Տոտալ բռնագանձում պետական դավաճանների ունեցվածքը», «Բանկերը պետք է հանրայնացվեն»։
Մասնավորապես՝ «Բանկերը պետք է հանրայնացվեն» կարգախոսով կուսակցությունն առաջարկում է բանկերը դարձնել հանրային բաժնետիրական ընկերություններ՝ անկախ գոյություն ունեցող մոտեցումներից ու քննադատություններից։
Ուժն ունի նաեւ չորրորդ կարգախոսը՝ «Մերժել Սերժի Նիկոլին»։ Կուսակցությունից հայտնեցին, որ այդ կերպ արտահայտում են իրենց վերաբերմունքը « վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, «արհեստական իշխանափոխության», պատերազմի, Արցախի կորստի և Հայաստանի տարածքային կորուստների վերաբերյալ»։
14․ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Կերտենք հայկական պետություն»
Կուսակցությունից նշում են, որ իրենք ընտրություններին մասնակցում են հայկական պետություն կառուցելու իրենց տեսլականով։
15․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»
Կուսակցությունը բացատրում է, որ իրենց ղեկավարն ու անդամների մեծ մասը զինվորականներ ու պահեստազորայիններ են, և այն կարգապահությունը, որը գործում է զինվորական համակարգում, պետք է փոխանցվի նաև հասարակությանը։
16․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Տե՛ր կանգնիր խաղաղությանը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական կարգախոսը կոչ է քաղաքացիներին՝ պահպանելու այն խաղաղությունը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «նոր է» և «խնամքի կարիք ունի»։
Փաշինյանը համեմատել է խաղաղությունը նորածնի հետ՝ ասելով, որ այն պետք է «ամրանա, ոտքի կանգնի և վստահ քայլի»։ Նրա խոսքով՝ 2026 թվականի ընտրությունների գլխավոր հարցը հենց այն է, թե արդյոք հասարակությունը պատրաստ է «տեր կանգնել խաղաղությանը»։
Վարչապետը նաև հայտարարել է, որ գործող խաղաղության օրակարգից հրաժարվելը կարող է նորից բացել պատերազմի դուռը։
17․ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ․ «Միասին կարող ենք»
Դաշինքը նշում է, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբման և հանրային համերաշխության միջոցով։ Ըստ ուժի՝ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարևոր է անվտանգ և մրցունակ պետություն կառուցելու համար։
18․ «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ». «Քո ձայնը խորհրդարանում»
Դաշինքը բացատրում է, որ իրենց ուժի գոյության իմաստն ու առաքելությունն ամփոփված են թե՛ ուժի անվանման, թե՛ կարգախոսի մեջ։ Նրանց կարծիքով՝ այսօր խորհրդարանում ընթացող քաղաքական քննարկումները կտրված են հասարակության իրական խնդիրներից, քանի որ, ըստ դաշինքի, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմության մի հատվածը շարունակում են գործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության ներքո։
Դաշինքի անդամները պնդում են, որ ժողովրդի ձայնը չի հասնում խորհրդարան, և Ռուսաստանի օրակարգը շարունակում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Նրանց խոսքով՝ իրենք փորձում են բարձրաձայնել այն հարցերը, որոնք իրականում բխում են քաղաքացիների շահերից և վերաբերում են Հայաստանի ինքնիշխանության ու ժողովրդավարության պաշտպանությանը։
19․ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «Պաշտպանիր ինքնությունդ»
Կուսակցությունից նշում են, որ իրենց կարծիքով հայկական ինքնությունն այսօր վտանգված ու խարխլված է։ «Ինքնություն» ասելով՝ առանձնացնում են մի քանի կարևոր բաղադրիչներ՝ ներառյալ եկեղեցին և պետական խորհրդանիշները։
Սակայն ինքնության հարցը միայն մշակութային չէ։ Որպես օրինակ նշում են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը՝ պնդելով, որ աշխատանքները կանգնեցվել են ադրբեջանական թեզերի և նարատիվների ազդեցությամբ։ Նույն համատեքստում անդրադառնում են նաև ատոմակայանի թեմային՝ այն դիտարկելով որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական ինքնության մաս։
Նրանց խոսքով՝ ընտրվել են այնպիսի թեմաներ ու ուղղություններ, որոնք, ըստ իրենց, այսօր վտանգված են և պետք է պաշտպանվեն իրենց ուժի իշխանության գալու դեպքում, իսկ կարգախոսը հենց այդ է շեշտադրում։