«Որտեղի՞ց երեխա ծնվի, եթե գյուղում 50-60 չամուսնացած տղա կա»
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր գյուղը տեսա՞ք. շատ գեղեցիկ, հետաքրքիր գյուղ է»,- պատշգամբից ձայն է տալիս բարձրահասակ կինը՝ հրավիրելով տուն։ Մինչ կտեղավորվեինք, նա արդեն կանչում է քրոջը՝ «Սո՛ւրճ պատրաստիր»։ Ընդ որում՝ ամբող զրույցի ընթացքում Սոնա Ղազարյանը խոսքն ընդհատում է ու ձայնում քրոջը՝ Վարդիթերին, թե մածունը բե՛ր, թարմ թխած հացը բե՛ր, պանիրը բե՛ր, ու ձայնագրիչի կողքին արագորեն շարվում է այս ամենը։
63-ամյա Սոնա Ղազարյանը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բուժքույրն է։ Հպարտությամբ ասում է՝ «38 տարվա», ու շարունակում. «Ինձնից առաջ էլ մայրս էր՝ 40 տարի»։ Բուժքույրն է, բայց առողջական ցանկացած խնդրով իրեն են դիմում. երբ բուժկետը փակ է լինում, ուղիղ տուն են գալիս։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ծաղկավանը 600-ից ավելի բնակիչ ունի, բայց իրականում նրանց մի մասը գյուղում մշտապես չի ապրում։ Բնակիչների մի մասը արտագաղթել է Ռուսաստան՝ կամ մշտական բնակության, կամ արտագնա աշխատանքի։ Նրա որդին էլ է Ռուսաստանում հաստատվել։
Բայց վերջին երկու տարիներին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է՝ ինչպես ՌԴ միգրացիոն օրենքների խստացման, այնպես էլ գյուղում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծման հետևանքով։
«Էս մի երկու տարին արդեն արտահոսքը դեպի Ռուսաստան դադարեց, որովհետև շինարարություն է, մարդիկ աշխատում են»,- ասում է նա։
Ծաղկավանն այն սահմանամերձ բնակավայրերից մեկն է, որտեղ կառավարությունը 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիր է իրականացնում՝ կառուցելով 50 տուն։ Որքան էլ ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում, գյուղում ապրելը հեշտ չէ. «Հիմա ինչքան էլ աշխատես, փողի մեջ արժեք չկա»։
Տարեկան ծնունդների թիվը գյուղում շատ փոքր է. երբեմն ընդամենը 2 երեխա է ծնվել․«Որտեղի՞ց պետք է երեխա լինի... եթե գյուղում մինչև 40 տարեկան 50-60 երիտասարդ տղա ունենք, որ չեն ամուսնացել»։
Ասում է՝ գյուղում հարսնացուներ չկան, նույն վիճակն է անգամ հարևան գյուղերում։
«Պրոբլեմը մեծ է, ու ոչ միայն մարզում՝ Տավուշի մարզում։ Սա միայն գյուղի հարցը չէ ու նոր չէ։ Մի 10 տարի առաջ կլիներ՝ մեր պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Նազինյանը եկավ ժողովի, ասաց՝ «Սոնա՛, ծնունդ չունես»։ Պատասխանեցի՝ «Որտեղի՞ց պետք է երեխա ունենամ, եթե 45 տղա չի ամուսնացել. ծերերը ո՞նց երեխա ունենան»»,- պատմում է Սոնա Ղազարյանը
Տիկին Սոնան ակնարկում է, որ աղջիկների պակասը նաեւ սեռով պայմանավորված աբորտների հետևանք է։ Տարբեր տվյալներով՝ 30 տարում սեռով պայմանավորված աբորտների պատճառով 80 հազար աղջիկ չի ծնվել։
Տիկին Սոնայի քույրը զրույցին միանում է վերջում, երբ սեղանին արդեն դրվել էր ջեռոցից նոր հանված հացը։ Անձնական հանգամանքների բերումով 62-ամյա Վարդիթեր Ղազարյանը փետրվարին վերադարձել է հայրենի Ծաղկավան՝ մոտ 17 տարի Ռուսաստանում ապրելուց հետո։ Ասում է՝ լավ օրից չէին արտագաղթել. Հայաստանում ո՛չ տուն են ունեցել, ո՛չ աշխատանք։ Ռուսաստանում նա չի խորշել ոչ մի գործից՝ աշխատելով թե՛ կոնյակի, թե՛ կահույքի գործարաններում։ Չնայած երկարամյա բնակությանը՝ Վարդիթեր Ղազարյանը չի ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում միգրացիոն պահանջները խստացել են, իսկ վերջին երկու տարում ամեն ինչ դժվարացել է։ Այնուամենայնիվ, նա կրկին մտածում է Ռուսաստան մեկնելու մասին, քանի որ ընտանիքի մի մասն այնտեղ է։
60-ամյա Վազգեն Ասիրյանին հանդիպում ենք Ծաղկավանում՝ կառավարության ծրագրով կառուցվող տներից մեկում՝ որդու և փեսայի հետ շինարարական աշխատանքներ իրականացնելիս։ Ասում է՝ նախկինում ինքն էլ է աշխատանքային միգրանտ եղել, բայց արդեն 13 տարի է չի մեկնում Սիբիր՝ փորձելով աշխատանք գտնել Հայաստանում։ Ըստ նրա՝ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացմանը զուգահեռ պակասել են արտագնա աշխատանքի մեկնողները, բայց գնացողներ էլի կան։
Հիշեցնենք, որ 2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Ռուսաստանն էապես խստացրել է օտարերկրացիների նկատմամբ վերահսկողությունը՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով։ Արդյունքում, եթե նախկինում տարեկան շուրջ 100,000 օրինական աշխատանքային միգրանտ էր մեկնում ՌԴ, ապա այժմ այդ թիվը նվազել է և հասել 70,000-ից էլ պակասի։
Նյութը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում Տավուշի մարզ կազմակերպված երկօրյա մեդիա տուրի ընթացքում։
Կարինե Ասատրյան