Բացել լրահոսը Փակել լրահոսը
664627704_997589069447002_9197710921145330662_n
A A
Սպորտ Պաշտոնական

«Լացիո»-«Ինտեր»՝ Իտալիայի գավաթի եզրափակիչ․ Մխիթարյանը կպայքարի 2-րդ գավաթի համար

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում այսօր կայանալիք Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում Միլանի «Ինտերը» կհանդիպի տեղի «Լացիոյի» հետ:

Ինչպես տեղեկացնում է իտալական «Լա Գազզետտա դելլո Սպորտ» օրաթերթը, հանդիպման ֆավորիտը միանշանակ միլանյան ակումբն է, քանի որ այն ոչ միայն 34 միավորով գերազանցում է իր մրցակցին Ա սերիայի առաջնությունում, այլև ժամանակից շուտ դարձել է երկրի չեմպիոն:

«Ինտերն» այսօր կպայքարի իր 10-րդ հոբելյանական գավաթի համար: Այդ ցուցանիշով նա դեռևս բավականին հետ է մնում «Յուվենթուսից», որը պատվավոր մրցանակին տիրել է 15 անգամ: Բացի այդ, եթե «Ինտերը» հաղթի եզրափակիչում, ապա թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն կդառնա թիմի երրորդ մարզիչը, ում կհաջողվի մեկ մրցաշրջանում դառնալ և չեմպիոն, և գավաթակիր: Նախկինում նման նվաճման հասել են Ռոբերտո Մանչինին ու Ժոզե Մոուրինյոն:

Ըստ լրատվամիջոցի, «Լացիոյի» միակ հնարավարությունն այն է, որ անակնկալի բերի իր մրցակցին, ինչպես դա անում են «իտալացի թենիսիստները Մաստերս մրցաշարերում»: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հույս է կապում այն հանգամանքի հետ, որ թիմը հանդես է գալու սեփական դաշտում, բացի այդ նրա երկրպագուները, որոնք վերջին ժամանակներին բոյկոտում էին առաջնության հանդիպումները, այս անգամ գնել են բոլոր տոմսերը և պատրաստվում են աջակցել թիմին:

Թերթի մասնագետների նախնական հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը խաղը հավանաբար կսկսի «Ինտերի» պահեստայինների նստարանին, քանի որ վերջին ամիսներին նրա դիրքում հիմնականում խաղում է Սուչիչը: Մեր ֆուտբոլիստը, համենայնդեպս, հայտավորված է հանդիպմանը և հաղթանակի դեպքում կդառնա Իտալիայի կրկնակի գավաթակիր (առաջին գավաթը Մխիթարյանը նվաճել է 2023 թվականին):

«Լացիո» - «Ինտեր» եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23-00-ին: