Նստած փող էին աշխատում, իսկ հիմա ոչ․ վարչապետը՝ պետական համակարգում աշխատողների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանին ջավախքահայերից մեկը խնդրեց հնարավորություն ստեղծել ջավախքահայ ուսանողների համար բուհերում պետպատվերով տեղեր հատկացնել հայոց լեզու, հայ գրականություն մասնագիտություններով։ Պայմանով, որ նրանք հետ են վերադառնալու և աշխատեն։ Ըստ նրա՝ դպրոցներում մասնագետները 50 տարեկանից բարձր են։ Մյուս հորդորն ուղղված վարչապետին, գործարարներին հնարավորություն տալն է ներդրումներ անել։
«Տեղյակ եմ, որ կան որոշ դժվարություններ, մեր խնրանքն է, որ հանձնարարություններ տաք գերատեսչություններին, կամ անձամբ հանդիպեք գործարարների հետ, որոնք ոգևորված են, հարցը մեծ ներդրումների մասին է»,- ասաց նա և ևս մեկ հարց ուղղեց, վարչապետին, թե հաջորդ անգամ ե՞րբ կայցելի Ջավախք։
Նիկոլ Փաշինյանը հստակ ժամանակ չնշեց, թե երբ կայցելի, բայց հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կլինի։ Անդրադառնալով ներդրումների վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո, պետական կառավարման համակարգում աշխատողների մեծ մասը մնացել են նույն աշխատողները և նոր տրամաբանությամբ աշխատել չեն ուզում։
«Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե մենք չէինք ցանկանում թեկուզ ժամանակավոր կոլապս ստեղծել, այդպես պետք է լիներ։ Բայց քանի որ կոռուպցիայի վրա արգելք է դրված, այսօր էլ կան մարդիկ, որոնք աշխատել են այլ տրամաբնությամբ, բայց հիմա այդ տրամաբանությամբ աշխատել չեն կարող։ Մյուս կողմից էլ նոր տրամաբանությամբ աշխատել չեն ուզում, չարացած են մեզ վրա, որովհետև նստած փող էին աշխատում, իսկ հիմա ոչ։ Մենք հասկանում ենք, որ այս պրոբլեմն առաջինը զգում են ներդրողները »,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց, որ ՊՎԾ-ին հանձնարարել է ստուգումներ անել և պարզել այն օղակները, որոնք ներդրումներ անելուն խոչընդոտում են։
«Այսօր առավոտյան մտա աշխատանքի, այդ զեկույցը հասել էր, չեմ հասցրել կարդալ, չնայած ՊՎԾ-ը պետը զեկուցել է, որ այնտեղ բավականին բացթողումներ կան։ Դա շատ կարևոր հարց է, խոստանում եմ, որ դրանով կզբաղվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հայոց լեզու և հայ գրականություն մասնագիտությունների մասով ջավախքահայերին պետպատվեր հատկացնելուն, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ վրաց գործընկերնեի հետ այդ հարցը քննարկել է, խնդիր կա վերապատրաստումների առումով։
«Մյուս առարկաների հետ համեմատած հայերենի դասավանդողները ավելի կաշկանդված վիճակում են, քանի որ վերապատրաստումներ չեն անցնում, մյուս առարկաների վերապատրաստողներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, իսկ հայերենինը՝ ոչ։ Ստացվում է այնպես, որ շահավետ և ձեռնտու չէ աշխատել հայերենի մասնագետ»,- ասաց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ վրաց գործընկերների հետ պետք է ծրագիր մշակեն, որպեսզի հայերենի մասնագետները նույնպես վերապատրաստման արդյունքով բարձր աշխատավարձ ստանան։ Նախարարը նաև նկատեց՝ հարցը միայն այդ չէ։ Նախարարությունը տեղեր է հատկացնում սփյուռքահայերին, այդ թվում ջավախքահայերին, բայց նրանց մեծ մասը հետ չեն վերադառնում։
«Իրավական առումով նաև խնդիր կունենանք, եթե նպատակային տեղեր հատկացնենք, քանի որ գործ ունենք Վրաստանի քաղաքացիների հետ, իսկ դա միջպետական պայմանագրերով պետք է արվի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Վարչապետի այցը Վրաստանի հայ համայնքի հետ այսքանով ավարտվեց, Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց։
«Որպես ամփոփում, ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, և խոնարհվում եմ ձեր առաջ: Լավ եղեք ժողովուրդ ջան, դուխով»,- եզրափակեց նա։