Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Հասարակություն

«Դուք մեր կյանքի և հայ ժողովրդի շարժող ուժն եք»․ Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդական միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին:   Ըստ մամլո հաղորդագրության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ հայրերն Եկեղեցու միջոցով են իրենց լավագույն արարումներն ընծայաբերել Աստծուն, ինչը վառ վկայությունն է առ Աստված նրանց զորավոր հավատքի: Ըստ Նորին Սրբության՝ հայ ժողովուրդն իր այդ զորեղ հավատքով ու աստվածասեր ընթացքով է ապահովել այլ ազգերի հարգանքն ու պատկառանքը իր հանդեպ՝ օրինակ դառնալով նաև շատ ժողովուրդների համար:

Գարեգին Երկրորդ Հայրապետը հույս  է հայտնել, որ ուխտավոր հայորդիներն այդ հզոր ու գեղեցիկ ժառանգության տերը կլինեն՝ հարստացնելով այն նոր արժեքավոր օրագործումներով: Նորին Սրբությունը նաև հորդորել է դպրոցականներին լավագույնս սերտել և յուրացնել իրենց պատմությունը: «Դուք մեր կյանքի և հայ ժողովրդի շարժող ուժն եք: Դուք մեր ապագան եք», -ասել է նա։