Հայաստանի բնակչության 76 տոկոսն օրական 5 բաժնից պակաս միրգ և բանջարեղեն է օգտագործում․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կազմակերպել է համաժողով՝ նվիրված պարենային ապահովման ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին։
Մասնակիցների թվում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և այլք։
Իր ելույթում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության համապարփակ գործընկերության փորձի շրջանակներում Հայաստանի համար սննդի վերաբերյալ կարգավորումների անհրաժեշտությունը, որն ուղղորդելու է, թե ինչ արժեքներ են կարևորվում։
«Որպեսզի մենք կարողանանք այդ գիտելիքը փոխանցել նաև մեր արտադրողներին։ Եվ նրանց համար պարզ դարձնենք, թե ինչպիսին պետք է լինի վաղվա գյուղատնտեսությունը, որ առաջին հերթին կարողանա մեր բնակչությանը ապահովել որակյալ սննդով, ստեղծել պայմաններ մարդկային կապիտալի ճիշտ զարգացման և մարդկային պոտենցիալն ամբողջությամբ Հայաստանում օգտագործելու համար»,- ընդգծեց տնեսական գերատեսչության ղեկավարը։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն անդրադարձավ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացված մի հետազոտության։ Ըստ փոխնախարարի՝ հետազոտությունը հայտնաբերել է, որ Հայաստանի բնակչության շրջանում աղի օգտագործումը երկու անգամ ավելի է, քան այն շեմը, որ խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
«Բնակչության 76 տոկոսն օրական 5 բաժնից պակաս միրգ և բանջարեղեն է օգտագործում։ Ցավոք սրտի տղամարդկանց 11 տոկոսը չարաշահում է ալկոհոլի օգտագործումը և խնդիրն ավելի շատ կապված է նրա հետ, որ գուցե ոչ ամեն օր է օգտագործում, բայց օգտագործումից բավականին մեծ քանակով է օգտագործվում»,- ընդգծեց նա։
Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի՝ երբ տրվում է ճիշտ սնունդով և ճիշտ վիտամիններով առավոտյան նախաճաշ և ընթացքում հետճաշիկ, դա նպաստում է երեխաների կենտրոնացմանը, նպաստում է, որպեսզի իրենք ավելի հանգիստ վարքագիծ կարողանան դասի ընթացքում դրսևորել, ուստի նպաստում է երեխաների կրթական զարգացմանը։
«Ինձ շատ դուր եկավ այն տեսակետը, որ, գուցե, սկսվի երևանյան մի գործընթաց ճիշտ սննդի և սնուցման կարևորության համատեքստում, որտեղ կկարողանանք մենք ցույց տալ, թե ինչպես կարող է ճիշտ սնունդը նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես կարող է կրթությունը նպաստել, որ մենք կարողանանք մշակույթ ձևավորել, որտեղ, որ մենք ավելի դրական վերաբերմունք և վարքագիծ ենք դրսևորում առողջ սովորույթների նկատմամբ»,- եզրափակեց Արևիկ Անափիոսյանը։