Դադարեցնե՞լ մեքենաների տեխզննումը․ մեկնաբանում է «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մամուլի ասուլիսով հանդես են եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը։ Նրանք առաջարկում էին ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկան զննումը դադարեցնել, սահմանել ճանապարհի օգտագործման հարկ, փոփոխել բանապահպահպանական հարկի դրույքաչափը: Նրանք մշակել են օրինագիծ։
Այս թեմայով «Ա1+»-ը զրուցեց «Վարորդի Ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարագետ, իրավապաշտպան Սերգեյ Ղահրամանյանի հետ։
Ըստ ճարտարագետի՝ տեխզննման թեմայի հետ կապված վերջին գոնե 1 տարվա ընթացքում տարբեր զրույցներ են եղել, քննարկումներ և մի բան գոնե հաստատվել է․
«Որ տեխզննումը պատշաճ չի իրականացվում՝ կասենք թերի կամ ընդհանրապես չի իրականացվում, տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, և նպատակներին չի ծառայում, ինչպես նաև այդ տեխզննման կտրոնը հանդես է գալիս որպես գույքահարկը ստուգելու մեթոդ, ուրիշ ոչինչ»,- ասում էնա։
Ըստ Ղահրամանյանի՝ պատգամավորների օրինագծով նաև շեշտվում է, որ մինչ այժմ տեխզննման այդ գործընթացը պատշաճ տեղի չի ունենում, նաև կան հավանական կոռուպցիոն ռիսկեր։ Սակայն կոռուպցիայի պատճառով, թե ընդհանրապես պետք է դադարեցնել տեխզննումը՝ ճարտարագետը համաձայն չէ։
«Մի քանի ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրուցելու առիթ ունեցա։Նրանք այսպիսի մոտեցում են քննարկում՝ տեխզննման գործընթացները տալ ապահովագրական գործակալություններին, որովհետև ապահովագրական գործակալությունն է ապահովագրում մեքենան և բնականաբար նա պետք է առաջինը ծանոթ լինի մեքենայի հնարավորություններին, թերություններին, տեխնիկական վիճակին։ Քննարկվում է, որ երթևեկության մեջ առավել շահագրգիռ կողմը՝ ի դեմս ապահովագրական գործակալության, ավելի մանրազնին և ճիշտ տեխնիկական զննություն կիրականացնի, ի տարբերություն այն բանի, որ տեխզննում չի անցնում մեքենան, բայց վարորդը կտրոն ստանում է»,- պատմեց իրավապաշտպանը։
Ղահրամանյանի կարծիքով՝ կառավարությունում քննարկվող տարբերակն ավելի ողջամիտ է, քան ԲՀ խմբակցության պատգամավորների առաջարկած տարբերակը։ «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահը համեմատություն բերեց․ «Նախկինում ուսուցիչների սոցփաթեթների հետ կապված առուծախի մեխանիզմներ են բացահայտվել, բայց ոչ գլոբալ մակարդակի։ Այսկերպ ուրեմն պետք է ասեին՝ «Եկեք դադարեցնենք սոցփաթեթի տրամադրումը»։ Նրա պնդմամբ՝ նման կերպ կարելի է դադարեցնել ցանկացած պետական գործողություն՝ նախարարության, տեսչության, ծառայության կողմից իրականացվող, քանի որ հաստատ կգտնվեն որևէ կոռուպցիոն ռիսկեր կամ կոռուպցիա։
Բնապահպանական դրույքաչափի մասով իրավապաշտպանն ասաց, որ կիսում է օրինագծի հեղինակների տեսակետը՝ նշելով, որ բնապահպանական վճարները Հայաստանում այդքան էլ հասկանալի չեն, ճշգրտման կարիք կա, իրավակարգավորումների պատկերը ճիշտ չի ներկայացվում․
«Որովհետև պետք է հաշվի առնել, թե մեքենան ինչ վառելիքով է շահագործվում, քանի ձիաուժ և այլ գործոններ»։
Ճանապարհային օգտագործման հարկի ներդրմանը ՍերգեյՂահրամանյանն այդքան էլ կողմ չէ։ «Ճիշտ է, մենք ճանապարհի օգտագործման համար հարկ չենք վճարում, բայց տալիս ենք գույքահարկ, բնապահպանական հարկ, ընդհանրապես եկամտահարկ, և մեր բոլոր հարկերից պետության կողմից բաժին է հատկացվում ճանապարհաշինության համար։ Ճանապարհի օգտագործման հարկի մասով գոնե կառավարության հետ հրապարակային բանավեճեր կամ քննարկումներ պետք է լինեին, որ հասկանալի լիներ, թե ինչ մեխանիզմներով է տեղի ունենալու այդ հարկի գանձումը և ծախսումը»,- պարզաբանեց ՀԿ նախագահը։
Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ Հայաստանում երթևեկությունն այնպիսի բարդ իրավիճակում է ստեղծվել, որ միայն ճանապարհների հարկով ինչ-որ բան փոխել, դժվար թե ստացվի, որովհետև, ընդհանուր առմամբ չկա երթևեկության կարգավորման որևիցե հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, իսկ դա պետք է պատճառ լիներ, որից պատգամավորների այս առաջարկը բխեր։ Ըստ նրա՝ ճանապարհի հարկի տակ ներառված է բարձրակարգ ասֆալտը, սակայն դա քիչ է, և ներկայումս քաղաքացուն շատ բան չի տա։
«Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահը կարծում է, որ կառավարությունը կմերժի այս օրինագիծը, քանի որ կառավարությունը քննարկում է այն տարբերակը, որն արդեն վերևում ներկայացրել է, Ազգային ժողովում ևս չի ընդունի, և նախագիծը թղթի վրա կմնա։ Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այս նախագծի որոշ դրույթներով պատգամավորները կառավարության հետ կարող են որպես օրինագծի համահեղինակ դառնալ, որով այն ավելի ընդգրկուն ու ներառական կլինի։
«Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետև բալային համակարգի մասով Բարգավաճ Հայաստան խմբակցությունը միայն հանդիպակաց դուրս գալու համար մեկ իրավախախտման մասին փոփոխություն էր նախաձեռնել և այն չընդունվեց։ Քանի որ, ոչ մի կոնսենսուսային տարբերակ չէին քննարկում և 1 վարչական տուգանքի փոփոխությունը հավասարության մեջ էին դնում մի ամբողջ երթևեկության մեջ՝ տուգանքների կիրառման մեխանիզմների ռեֆորմների հետ։ Եվ բնականաբար, իրենց նախագիծը ևս կառավարությունում մերժվեց և ԱԺ-ում էլ մերժվեց և որևէ կերպ չքննարկվեց։ Սա զուտ որպես մի պատմական ակնարկ և ապացույց»,- եզրափակեց իրավապաշտպանը։