Գիտության ֆինանսավորումը վիշտ է, որը տարիներ շարունակ քննարկվում է․ Ռադիկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, այն գրավիչ ու մոտիվացնող դարձնելու համար պետք է ֆինանսավորում: Հստակ է, որ պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն»,- Ազգային ժողովում տեղի ունեցող «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Մենք միայն խոսելու համար չենք հավաքվել այստեղ, այլ հավաքվել ենք հստակ գործնական նպատակով, որ կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր ոլորտներում, ի՞նչ նոր մոդելներով, ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ քննարկման ընթացքում հնչած տեսակետները կառավարությունում հաշվի կառնեն։
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ցավով նշեց, որ գիտության ֆինանսավորումը վիշտ է, որը տարիներ շարունակ քննարկվում է, բայց մնում է նույնը։ Նա հիշեցրեց, որ Խորհրդային միության տարիներին գիտության ֆինանսավորումը կատարվում էր հետևյալ կերպ․
«Ասում էին՝ դուք ինչքա՞ն կտաք, նրանք ասում էին` կտանք այնքան, ինչքան որ դուք ցանկանաք, միայն հիմնավորեք: Այսպիսին էր մոտեցումն այն ժամանակ`գիտության ֆինանսավորմանը»:
Իսկ ինչպիսի՞ն էր գիտությանը ֆինանսավորումը Խորհրդային միության փլուզումից հետո։ Ռադիկ Մարտիրոսյանը հիշեց, որ բոլոր կառույցները հայտնվեցին ծանր վիճակում։
«Որոշվեց հատկացնել մի գումար, որը կկարողանա մինիմալ չափերով պահպանել եղած կառույցները։ Գումարի բաշխման ձևը՝ թեմատիկ ֆինանսավորումն էր։ Բայց ֆինանսավորման այդ ձևը ուներ բացասական կողմեր, այն բերեց մանրաթեմայության, բազմաթեմայության և փաստորեն, հնարավոր չէր լուրջ գիտական ծրագրերը ֆինանսավորել, և սկսվեցին քննադատություններ, որ այդ ձևաչափը պետք է փոխվի և փոխվեց»,- ներկայացրեց Ռադիկ Մարտիրոսյան և նշեց, որ ֆինանսավորումը թեմատիկից դարձավ բազային։
Խոսելով գիտության այժմյան ֆինանսավորման մասին, Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ գիտության ֆինանսավորումը հավասար է մոտավորապես բյուջեի ծախսային մասի 1,2 տոկոսին։
«Այդ թիվը երբեք չի փոխվել, արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը։ Սա խոսում է այն մասին, որ գիտության նկատմամբ պետությունը երբևիցե հատուկ հոգ չի տարել»,- ասաց նա։
ԳԱԱ նախագահը նաև անդրադարձավ գիտնականների աշխատավարձերին։ Ռադիկ Մարտիրոսյանի համար անգամ անհարմար էր դրա մասին խոսել, որովհետև այն գրեթե հավասար է նվազագույն աշխատավարձին։
«Ավելին ասեմ, եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի այն չափերով, որքանով ասված է, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-րդը ստանալու են մինիմալ աշխատավարձ»,- ասաց նա ու հավելեց, որ օրինակ՝ Ռուսաստանում գիտության ոլորտում աշխատավարձերը հավասար են միջին չափի աշխատավարձին։