Մարդու իրավունքի հետ կապված՝ ի՞նչ խնդիրների են բախվում զինակոչիկները զորակոչի ընթացքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խաղաղության և երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Պաշտպանության նախարարությունում իրականցվել է մշտադիտարկում՝ պարզելու, թե որքանով են զինված ուժերում իրականացվող միջոցառումները բխում 2017-2019 թթ. ՄԻՊ ազգային ռազմավարությունից։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էդգար Խաչատրյանը այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է եղել ուսումնասիրել, թե գործող իրավական ակտերը որքանո՞վ են նպաստում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը․ այս պարագայում զորակոչվող քաղաքացիների, զիված ուժերի հետ առնչություն ունեցող խմբերի մասին է խոսքը․
«Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ մենք շատ դեպքերում ուղղակի մուտք չենք ունեցել թիրախ խմբերի հետ աշխատելու համար և ստիպված ենք եղել բավարարվել ՊՆ-ից, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնից ստացված տեղեկատվություններով, նաև փորձել ենք զրուցել թիրախ խմբերի հետ»։
Բանախոսը նշեց, որ ընդհանուր առմամբ զրուցել են 290 քաղաքացիների հետ։ Արձանագրված խնդիրներից նա առանձնացնում է․
«Օրինակ՝ ՄԻՊ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր, որ զորակոչի ընթացքում զինակոչիկների առողջական վիճակի մասին վերջնական եզրակացությունները պարտադիր կարգով տրամադրվելու են զինակոչիկներին, փորձում էինք հասկանալ՝ արդյոք դրանք տրամադրվո՞ւմ են, թե՞ ոչ, երկրորդ՝ փորձում էինք հասկանալ՝ այն իրավական ակտերը, որոնք մշակվել էին՝ այդ պարտադիր պայմանը ապահովելու համար, կիրառվո՞ւմ էին, թե՞ ոչ¦։
Պարոն Խաչատրյանն ասում է՝ պարզվել է, որ պարտադիր կարգով չեն տրամադրում, որոշ դեպքերում անգամ զինակոչիկների պահանջելուց հետո բուժհիմնարկներն ասել են, որ պետք է ստանան զինկոմից։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բաեվարքության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, անդրադառնալով փաստաթղթերի տրամադրման պարտադիր կարգին, հակադարձեց․
«Եթե անձը ուղեգրվում է համապատասխան բժշկական հաստատություն փորձաքննության, արդյունքները պետք է ստանա առողջապահական հիմնարկից։ Մենք ևս ունեցել ենք ահազանգեր, որ առողջապահական հիմնարկը չի տրամադրում փաստաթղթերը, դրա հետ կապված ձեռնարկել ենք համապատասխան քայլեր, թեև դա մեր իրավասության մեջ չմտնող հարց է։ Իսկ զինկոմի կողմից առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ տրամադրելու հարցում վերջին զորակոչերի ընթացքում երբևէ խնդիր չի արձանագրվել¦։
Զինակոչիկներին իրենց իրավունքների տրամադրման հետ կապված ևս խնդիրներ են արձանագրվել, նշում է բանախոսը․
«Պարզեցինք, որ այն մեխանիզմները և իրավական ակտերը, որոնք մշակվել են, բավարար չեն, որպեսզի քաղաքացիները տեղեկացված զորակոչվեին բանակ»։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե մենք կարողանք հասնել նրան, որ առաջընթաց գրանցեինք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առհասարակ, մի շարք խնդիրների լուծումը կգտնենք հենց բանակում։
Ինչ վերբերում է դիտարկումներին, թե զինակոչիկներին բանակ զորակոչվելուց առաջ չեն տրամադրում իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն, Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ իրավունքներից բացի զորակոչիկներին պետք է հստակ ներկայացվեն իրենց պարտականությունները։ Նրա խոսքերով՝ անգամ եթե նման գործընթաց կա, այդ գործընթացը զարգացնելու կարիք կա․
«Ամենաառաջին փուլում նրանք պետք է տեղյակ լինեն՝ ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն»։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների ռազմավարությունների ծրագիրը․ նշեց, որ սպասում են քաղաքացիների և քաղհասարակության դիտարկումներին։