Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանի հերթական հաղթանակը

Սպորտ

 Այսօր Նալչիկում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան-պրի 4-րդ մրցաշարը: Վերջին` 13-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին եւ գրավեց առաջին հորիզոնականը:

Վերջին 13-րդ տուրից առաջ Արոնյանն եւ Լեկոն վաստակել էին 7.5-ական միավոր, ուստի հենց այս շախմատիստների միջեւ կայանալիք պարտիան էր որոշելու մրցաշարի հաղթողին: Արոնյանը վճռորոշ մրցամարտում հաղթեց եւ 8,5 միավորով հայտնվեց առաջին հորիզոնականում:

Հաջող հանդես եկավ նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս այս տուրում սեւերով հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին եւ 7,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Ընդհանրապես Գրան-պրիի այս մրցաշարում հայ շախմատիստները շատ հաջող հանդես եկան հատկապես ուկրաինացիների դեմ, որոնք Արոնյանի եւ Հակոբյանի հետ պարտիաներում հիմնականում պարտեցին:

Այսպիսով Լեւոն Արոնյանը 2-րդ անգամ հաղթեց ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարերում: Առաջին անգամ Լեւոն հաջողության էր հասել 2008 թ, Սոչիում: Այս տարի դեռ կայանալու են ՖԻԴԵ-ի Գրան-պրի եւս 2 մրցաշարեր, որոնցից մեկը տեղի կունենա Երեւանում` ընթացիկ տարվա օգոստոսին: