Բացել լրահոսը Փակել լրահոսը
691110642_1501531914666324_4383529742190330983_n
A A
Սպորտ Պաշտոնական

Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին

Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի մարզչական կազմին, ակումբի ղեկավարությանը և ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Vaticannews-ը։

Հանդիպումը նվիրված էր թիմի հաղթանակին Իտալիայի 2025–2026 թթ. մրցաշրջանի առաջնությունում: Հռոմի պապը շնորհավորել է ակումբին հերթական «սկուդետտոն» նվաճելու առթիվ և երախտագիտություն հայտնել միասնականության, կարգապահության ու նվիրումի օրինակ ցուցադրելու համար:

Դիմելով մարզիկներին՝ Հռոմի պապը նշել է, որ այս հաջողությունը տպավորիչ է ոչ միայն սպորտային տեսանկյունից, այլև որպես քրտնաջան աշխատանքի և թիմային ոգու արդյունք: Ըստ նրա՝ հատկապես կարևոր է մրցաշրջանի թե՛ հաղթական, թե՛ դժվարին պահերին դիմակայելու կարողությունը:

«Ձեր փորձը արժեքների վկայություն է, որը կարող է ոգեշնչել երիտասարդներին», - ընդգծել է Պապը:

Սրբազան Հայրը հիշեցրել է, որ այսօր բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ ֆուտբոլիստներին դիտարկում են որպես «հերոսների» և ընդօրինակման աղբյուր: Հետևաբար, մարզիկների պատասխանատվությունը դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից. նրանց ազդեցությունը կարող է լինել ինչպես կառուցող, այնպես էլ կործանարար:

Հանդիպման ընթացքում Հռոմի պապը հիշատակել է նաև 1991 թվականին «Ինտերի» հանդիպումը Սուրբ Հովհաննես Պողոս II-ի հետ՝ կրկնելով այն ժամանակ հնչած կոչը. «Թող շատերը ձեր վարքագծի մեջ տեսնեն իսկականություն և անբասիր ազնվություն»:

Հանդիպման ավարտին Լևոն XIV-ն օրհնել է ֆուտբոլիստներին ու նրանց ընտանիքներին՝ ևս մեկ անգամ մաղթելով նորանոր հաջողություններ: