Տոմսի արժեքը' նվազագույնը' 3000 դրամ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն վաճառքի են հանվել մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Էստոնիա ընտրական հանդիպման տոմսերը: Հայ եւ էստոնացի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումը «Հանրապետականում» դիտելու համար ֆուտբոլասերները պետք է վճարեն 3-ից 7 հազար դրամ:
3000 դրամ արժեն դարպասների հետեւում գտնվող հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերը: 5000 դրամ է սահմանվել արեւելյան տրիբունայի համար, իսկ արեւմտյան տրիբունայից խաղին հետեւելը արժե 7000 դրամ: Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներում տոմսերի գները այսպես թանկ եղել են 2008 թ. սեպտեմբերին կայացած Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ' 3-10 հազար դրամ:
Գրեթե նույն արժողությամբ են ապրիլի 1-ին Տալինում կայանալիք Էստոնիա-Հայաստան պատասխան խաղի տոմսերը: Էստոնացիները Հայաստանի խաղի տոսմերը վաճառում են 12-14 եվրոյով, իսկ հայ ֆուտբոլասերներին տոմսերը տրամադրվում են զեղչով' 10 եվրոյով:
Մարտի 28-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Ադրբեջան հանդիպման համար ռուս ֆուտբոլասերները պետք է վճարեն 1800-ից 2500 ռուբլի (18-ից 25 հազար դրամ): VIP տեղերի համար սահմանվել է 4000-ից 12000 ռուբլի: Ադրբեջանական կողմը Մոսկվայում արդեն ձեռք է բերել իր հասանելիք հինգ հազար տոմսը եւ դրանք իրացնում է Մոսկվայում գործող Ադրբեջանի դեսպանատան միջոցով: