Երկար չեն մնա Լիբանանում
Աջակցիր «Ա1+»-ինԼիբանանում գործող հայկական ֆուտբոլային թիմերից միայն "Հոմենմենն" է հնարավորություն պահպանել հայտնվելու Լիբանանի բարձրագույն խմբի առաջնությունում: Սակայն այս ակումբն էլ միայն տեսական հնարավորություն ունի հաջողության հասնելու:
"Հոմենմենում" ելույթ ունեցող Արմեն Բաբայանը "Ա1+"-ի հետ զրույցում նշեց, որ թիմը դեռ պայքարում է ուժեղագույնների խմբում հայտնվելու համար. "2-րդ դիվիզիոնում թիմերը հանդես էին գալիս 2 ենթախմբերում, որտեղ առաջին 2 տեղերում հայտնված թիմերը դուրս էին գալիս 4 թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ: Մեր թիմը կարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ եւ հաջող մեկնարկեց, սակայն ունեցանք 2 պարտություն, որից հետո հայտնվել են ծանր իրավիճակում:"
Ներկայումս "Հոմենհենի" ճակատագիրը նրա մրցակիցների ձեռքում է. "Մենք առջեւում ունենք մեկ հանդիպում, սակայն միայն այդ խաղում հաղթելը մեզ չի բավարարում: Անհրաժեշտ է, որ առաջատարը պարտի, ինչի դեպքում լրացուցիչ հանդիպումներ կկայանան":
Լիբանանում ելույթ է ունենում նաեւ մեկ այլ հայկական ակումբ' "Հոմենեթմենը", որը եւս հանդես էր գալիս 2-րդ դիվիզիոնում, սակայն վաղուց կորցրել է ուժեղագույնների խմբում հայտնվելու հնարավորությունը:
Լավ չեն գործերը նաեւ "Սալամ"-ում, որը մարզում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Լիբանանի բարձրագույն խմբում ելույթ ունեցող այս ակումբը վերջին 5 տուրերում միավոր չի վաստակել:
"Բավական թույլ կազմ ունի "Սալամը", ինչի պատճառով էլ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սուրեն Բարսեղյանը վերջին 2 ամիսներին է աշխատում այս թիմում: Նախքան նրա գալը թիմը ավելի անհաջող էր հանդես գալիս",-նշեց Արմեն Բաբայանը:
Բաբայանը հայտնեց նաեւ, որ Լիբանանում հայ ֆուտբոլիստների թիվը նախկինի համեմատ կրճատվել է. "Հայ ֆուտբոլիստները լիբանանյան ակումբներում բավական քիչ են: "Սալամում" հանդես է գալիս Արկադի Չիլինգարյանը, որը նախկինում "Միկայում" էր ելույթ ունենում: Մյուս հայ խաղացողները վերադարձել են Հայաստան կամ պատրաստվում են: Նախորդ տարիներին այստեղ հայերի թիվը անհամեմատ մեծ էր"