Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Խանգարեց Հակոբյանը

Սպորտ

Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին տուրը ավարտվեց սակայն չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: Իսկ Հայաստանի 7 ներկայացուցիչները չընդգրկվեցին նույնիսկ լավագույն տասնյակում: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած առաջնությունում Հայաստանը ներկայացնողների թվում էին մի շարք հայաստանցի առաջատար շախմատիստներ:

Մասնավորապես' հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, Հայաստանի 2009 թ. չեմպիոն Արման Փաշիկյանը: Հաջողության առավել մոտ էին Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որոնք 7,5-ական միավորով հանգրվանեցին 29-31-րդ հորիզոնականներում: 11 տուրերից հետո բավական սուր պայքար էր ծավալվել չեմպիոնի կոչման համար: Միանգամից 11 մասնակիցներ վաստակել են 8-ական միավոր եւ այսօր շարունակելու են պայքարը թայ-բրեյքում:

Ի դեպ, չեմպիոնի համար պայքարողների շարքում կարող էր լինել նաեւ Արման Փաշիկյանը, եթե վերջին տուրում սեւերող հաղթեր Վլադիմիր Հակոբյանին: Բայց փորձառու Հակոբյանը միավոր չնվիրեց Արմանին եւ գրանցվեց խաղաղ արդյունք: Այժմ Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը թայ-բրեյքում պայքարելու են աշխարհի առաջնության ուղեգրերի համար:

Իսկ կանանց Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց առաջատար Սալոմե Մելիային եւ 7 միավորով դուրս եկավ 2-րդ հորիզոնական: Նույնքան միավոր է վաստակել նաեւ մրցաշարային աղյուսակը' գլխավորելով Մոնիկա Սոչկոն: Այս տուրում հաղթանակներ տոնեցին նաեւ Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: