«Հանուն թիմային հաջողության»
Աջակցիր «Ա1+»-ինՓորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը այսօր «Բանանցի» կազմում խաղադաշտ դուրս կգա իր նախկին ֆուտբոլային թիմի' «Արարատի» դեմ: Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի այս մրցավեճից առաջ Ոսկանյանը լավ տեղյակ էր մրցակցի ճամբարում տիրող իրավիճակին:
«Վերջին ամիսներին «Արարատից» հեռացել են մեծ թվով առաջատար խաղացողներ: Դժվար է համեմատել ներկայիս «Արարատը» այն թիմի հետ, որում ես հանդես եմ եկել, կամ որը նախորդ տարի նվաճեց Հայաստանի գավաթը եւ դարձավ փոխչեմպիոն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Չնայած «Արարատում» տեղի ունեցած փոփոխություններին Ոսկանյանը մտադիր չէ թերագնահատել մրցակցին. «Այսօր էլ «Արարատում» կան լավ ֆուտբոլիստներ եւ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Տեղյակ եմ նաեւ, որ նորեկներ ունեն: Մենք տրամադրված ենք հաղթանակի եւ կանենք ամեն ինչ հաջողության հասնելու համար: Գավաթի խաղարկության հանդիպումները միշտ էլ հետաքրքիր պայքարում են ընթանում: Այստեղ ամեն սխալ կարող է ճակատագրական լինել»:
Արթուր Ոսկանյանը հայտնի է որպես կիսապաշտպան, սակայն այս տարի հունվարին տեղափոխվելով «Բանանց»' սկսել է հանդես գալ պաշտպանությունում: Նոր դիրքում էլ Ոսկանյանը իրեն վատ չի զգում. «Հանուն թիմային հաջողության ես պատրաստ եմ հանդես գալ ցանկացած դիրքում: Իսկ պաշտպանությանը արդեն սովորել եմ եւ ոչ մի արտասովոր բան չկա»:
32-ամյա ֆուտբոլիստը նաեւ հավաքականի անդամ է: Մարտի 28-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Էստոնիան ընտրական խաղին Ոսկանյանը եւս անհամբերությամբ է սպասում. «Հավաքականը ընտրական խաղերում երկար ժամանակ հաղթանակ չի տոնել եւ առաջիկա խաղում պետք է ընդհատենք այդ շարքը: Բայց ասվածը չի նշանակում, թե Էստոնիան շարքային թիմ է եւ նրան կարելի է անլուրջ վերաբերվել»: