Գավաթը մեկնարկում է խոշոր հաշիվներով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2009թ. խաղարկությունը, որի շրջանակներում կայացած 2 հանդիպումներն էլ ավարտվեցին խոշոր հաշիվներով:
Քառորդ եզրափակիչի առաջին զույգը կազմել էին նախորդ առաջնության չեմպիոն «Փյունիկը» եւ ետնապահ «Կիլիկիան»: Ինչպես եւ ենթադրվում էր «Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց այս խաղում` առավելության հասնելով 3:0 հաշվով: Ամեն դեպքում «Կիլիկիան» ամեն բան արեց պարտությունից խուսափելու համար եւ առաջին կեսում կարողացավ անառիկ պահել դարպասը, իսկ ահա 2-րդ կեսում տանտերերին հաջողվեց ավելի արդյունավետ գրոհել:
Այս խաղում մեկական գոլ խփեցին Գեւորգ Ղազարյանը, Արտակ Ալեքսանյանը եւ Սարգիս Հովսեփյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Պետք է ընդգծել, որ Արտակ Ալեքսանյանը «Փյունիկի» կազմում խփեց իր առաջին գնդակը: Այս ֆուտբոլիստը հունվարին Սոչիում էր միացել հայկական թիմին, իսկ նախքան այդ ելույթ էր ունենում Մոսկվայի «Սպարտակի» պատանեկան թիմում:
Եւս մեկ հանդիպում կայացել է Աշտարակում, որտեղ «Ուլիսը» 4:1 հաշվով առավելության է հասել նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարի» նկատմամբ: Սա անակնկալ հաշիվ էր, քանի որ նախապատրաստական փուլում «Գանձասարը» լուրջ համալրում էր ստացել եւ անցկացրել մեծ թվով ստուգողական հանդիպումներ:
Եւս 2 հանդիպումներ կկայանան վաղը: Կմրցեն «Բանանց»-«Արարատ» եւ «Միկա»-«Շիրակ» զույգերը: