Վոլեյբոլն անտեսված է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ վոլեյբոլիստները այս տարի եւս կբավարարվեն Հայաստանում անցկացվող մրցաշարերով: 2009 թ. Հայաստանը միջազգային մրցաշարերին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացրել, քանի որ վոլեյբոլի ֆեդերացիայի ունեցած ֆինանսական միջոցները սուղ են:
Փոխարենը ուշադրության է արժանանալու լողափնյա վոլեյբոլը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան արդեն իսկ հայտ ներկայացրել է, որ այս տարի մեր ներկայացուցիչները ելույթ ունենան միջազգային ասպարեզում: Թվում էր այդ պատվին արժանանալու են Բրազիլիայից հրավիրված 6 վոլեյբոլիստները, որոնց մեծ շուքով Երեւանում դիմավորեցին հունվարին: Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք բրազիլիացիներին միջազգային ֆեդերացիան իրավունք կտա ներկայացնելու Հայաստանը:
Բացի այդ բրազիլացիները նախքան միջազգային ասպարեզ դուրս գալը պետք է մասնակցեն եւ հաղթեն Հայաստանի առաջնությունում: Նախատեսվում է Հայաստանի առաջնություն կազմակերպել ամռանը` հունիսին:
Իսկ ահա դասական վոլեյբոլում Հայաստանը շարունակում է մնալ խորը ճգնաժամում: Հայաստանի ներկայացուցիչները որեւէ միջազգային պաշտոնական մրցաշարի չեն մասնակցում, ինչի արդյունքում էլ Վոլեյբոլի համաշխարհային ֆեդերացիան չի ցանկանում աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Իսկ աջակցությւոնը կարող էր լինել մարզագույքի տեսքով, որը խիստ անհրաժեշտ է հայկական թիմերին:
Ի դեպ, առաջիկայում հնարավոր է փոփոխություն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ներկայիս նախագահ Խաչիկ Ասմարյանը հավանաբար հրաժարական կտա: Ըստ «Ա1+»-ի ունեցած տեղեկությունների ներկայումս օլիմպիական կոմիտեն փորձում է գտնել այնպիսի նախագահի, որը նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերի ֆեդերացիային: Նման տարբերակ արդեն կիրառվել է մի շարք մարզաձեւերում, որոնց ղեկավար պաշտոններում են հայտնվել անձիք, որոնք սպորտի հետ կապ չունեն, բայց ունեն ֆինանսական մեծ կարողություններ: