Բուժման կուրս են անցնում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի հավաքականի 2 առաջատար մարզիկներ Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը առաջիկա ամիսներին ասպարեզ դուրս չեն կարող գալ: 77 կգ քաշային ծանրորդները վնասվածքներ ունեն եւ դեռ շարունակվում է նրանց ապաքինումը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ Արա Խաչատրյանը բուժման կուրս է անցնում Մոսկվայում: Եվրոպայի 2007 եւ 2008 թթ. փոխչեմպիոնը վնասվածք էր ստացել դեռեւս 2008 թ. Պեկինում կայացած օլիմպիական խաղերում: Խաչատրյանը ոտքի ծանր վնասվածք ունի եւ ենթարկվելու է վիրահատության: Առայժմ դժվար է ասել, թե Արան երբ կվերադառնա շարք: Հայտնի է միայն, որ Խաչատրյանը չի մասնակցի ապրիլի 4-ին մեկնարկելիք Եվրոպայի 2009 թ. առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի նաեւ 2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2007 թ. չեմպիոն Գեւորգ Դավթյանը: Վերջինս ողնաշարի խնդիր ունի եւ ներկայումս բուժման կուրս է անցնում Գյումրիում:
Ծանրամարտի ֆեդերացիայում հույս ունեն, որ տիտղոսակիր ծանրորդները կհասցնեն վերականգնվել մինչեւ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը: 2009, 2010 եւ 2011 թթ. աշխարհի առաջնություններում գրանցված արդյունքների հիման վրա է որոշվելու, թե Հայաստանի քանի մասնակից է ունենալու Լոնդոնում, 2012 թ. ամառային օլիմպիական խաղերում: