Սփյուռքը կարող է օգնել հոկեյին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի Հայաստանի հավաքականներում մեծ թիվ են կազմելու արտասահմանում ելույթ ունեցող հայազգի մարզիկները: Ներկայումս ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ռուսաստանում հանդես են գալիս մեծ թվով հայազգի հոկեյիստներ, որոնց մի մասը պատրաստ է ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը:
՚Հայաստանի պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականներում ընդգրկված են շուրջ 26-27 լեգեոներներ, որոնց մեծ մասը ելույթ են ունենում ԱՄՆ-ում եւ իրենց խաղով կարող են մեծ օգուտ տալ Հայաստանին: Կան նաեւ խաղացողներ, որոնց հանդես գալը դեռ անորոշ էՙ,-նշեց Կարեն Խաչատրյանը:
Ներկայումս աշխարհում ամենահայտնի հայազգի հոկեյիստը NHL-ում ելույթ ունեցող Զակ Բոգոսյանն է, որը համարվում է ՚Ատլանտայիՙ խաղացող: Բոգոսյանը կանադահայ է եւ նրանով լրջորեն հետաքրքրված են Հայաստանում: ՚Հայաստանի համար մեծ իրադարձություն կլիներ, եթե NHL-ում հանդես եկող հոկեյիստը հագներ մեր հավաքականի մարզաշապիկը, սակայն դա բավական բարդ գործընթաց է: ՚Ատլանտանՙ NHL-ի առաջատար թիմերից է եւ նրա կազմում հանդես եկող ոչ բոլոր խաղացողներն են հնարավորություն ունենում օգնել իրենց հավաքականներին: Քիչ չեն դեպքերը, երբ խաղացողը ակումբի հետ զբաղված է լինում եւ ստիպված հրաժարվում է հավաքականիցՙ,-ընդգծեց Կարեն Խաչատրյանը:
Այնուամենայնիվ, ՀՀՖ-ն առաջիկայում պատրաստվում է խոսել Բոգոսյանի հետ եւ քննարկել հայտնի հոկեյիստի ապագան Հայաստանի հավաքականում: Տաղանդավոր հոկեյիստներ կան նաեւ Ռուսաստանում: Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում են ընդգրկված 20-ամյա Ռուբեն Բեղունցը եւ 19-ամյա Սամվել Մնացյանը: Կարեն Խաչատրյանը կարծում է, որ այս հոկեյիստները ցանկանում են ներկայացնել Ռուսաստանը.՚Հաճախ հայազգի հոկեյիստները իրենք են դիմում Հայաստանի հոկեյի ֆեդերացիային եւ ցանկություն հայտնում ելույթ ունենալ մեր ընտրանու կազմում: Ռուսաստանում հանդես եկող երիտասարդները մեզ չեն դիմել եւ միգուցե ցանկանում են ելույթ ունենալ Ռուսաստանի դրոշի ներքոՙ:
ՀՀՖ-ն քննարկում է նաեւ առաջիկայում Երեւանում միջազգային հանդիպում անցկացնելու տարբերակը: Մարզահամերգային համալիրի վերակառուցումից հետո արդեն իրատեսական է Երեւանում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելը: ՚Ցանկություն կա, սակայն դեռ այս հարցը մշուշոտ է: Ընկերական հանդիպում անցկացնել կարող ենՔ Վրաստանի հավաքականի հետ: Կան մի շարք խնդիրներ, որոնք քննարկելուց հետո միայն կկարողանամ հստակ պատասխանել այս հարցինՙ,-եզրափակեց Խաչատրյանը: