Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցավարներն էլ են պատրաստվում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվում են ոչ միայն մասնակից ակումբները, այլեւ մրցավարները: Արդեն մեկ շաբաթ է` մրցավարները ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանի ՚Ռեժինեՙ հյուրանոցում:

Հավաքին մասնակցում են 35 մրցավարներ եւ 12 տեսուչները, որոնք սպասարկելու են բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունները: Դասընթացները ղեկավարում է ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը, որը հանդիսանում է նաեւ ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետը:

2008 թ. Հայաստանի առաջնությունը աչքի ընկավ մրցավարության նկատմամբ բազմաթիվ դժգոհություններով: Առաջնության վերջնամասում հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսների հիմնական թեման մրցավարների գործողություններն էին, իսկ առաջնության ոսկե ՚Փյունիկՙ-՚Արարատՙ (2:1) մրցավեճը մեծ աղմուկ հանեց հենց մրցավարության կապակցությամբ:

Այս տարի հայ մրցավարներին սպասվում է նույն ծանրաբեռնվածությունը, քանի որ առաջնությանը դարձյալ մասնակցում են 8 թիմեր, որոնք չեմպիոնության համար կպայքարեն 4 շրջանով: Արդեն հաստաստվել է առաջնության խաղացանկը: Մարտի 21-ին մեկնարկելիք Հայաստանի 2009 թ. առաջնության մեկնարկային տուրում կկայանա միանգամից 2 կենտրոնական հանդիպում` ՚Փյունիկՙ-՚Բանանցՙ եւ ՚Գանձասարՙ-՚Միկաՙ:

Թիմերը որոշել են նաեւ, թե որտեղ են անցկացնելու սեփական հարկի տակ հանդիպումները: Գործող չեմպիոն ՚Փյունիկըՙ ելույթ կունենա ՚Նաիրիՙ մարզադաշտում: Այստեղ հանդես կգա նաեւ ՚Բանանցըՙ, որը նախորդ տարի հանդես էր գալիս իր մարզաբազայի մարզադաշտում: Ծանրաբեռնված կլինի նաեւ Երեւանի ՚Միկաՙ մարզադաշտը, որտեղ հանդես կգան ՚Ուլիսըՙ եւ ՚Միկանՙ: Փոխչեմպիոն ՚Արարատըՙ մրցակիցներին դարձյալ կհյուրընկալի Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Հայաստանի խոշորագույն ՚Հրազդանՙ մարզադաշտում ելույթ կունենա ՚Կիլիկիանՙ:

՚Շիրակըՙ եւ ՚Գանձասարըՙ կշարունակեն ելույթները համապատասխանաբար Գյումրիում եւ Կապանում: