Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե կրկնեն լավագույն արդյունքը

Սպորտ

՚Եվրոպայի առաջնությունը դա շատ լուրջ մրցաշար է եւ այստեղ արդյունքի հասնում են բարձրակարգ մարզիկները, որոնք ցույց են տալիս իրենց լավագույն արդյունքները: Հայաստանի ներկայացուցիչները կարող են հավակնել Եզրափակիչում հայտնվելունՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Վաղը առավոտյան Հայաստանի հավաքականը մեկնում է Իտալիայի Թուրին քաղաք, որտեղ մեկնարկում է Եվրոպայի 2009 թ. առաջնությունը: Հայաստանը առաջնությունում կներկայացնեն հեռացատկորդ Արսեն Սարգսյանը եւ եռացատկորդ Հայկանուշ Բեգլարյանը: Մարզիչը սպասելիքներ ունի հատկապես Արմեն Սարգսյանից. ՚2-ն էլ լավ մարզիկներ են եւ լավ են պատրաստվել առաջնությանը: Արսեն Սարգսյանը Հայաստանի 2008 թ. ամառային առաջնությանը ցույց է տվել 8.02 մետր արդյունք: Սա նրա լավագույն ելույթն էր: Եթե կարողանա այսպես ցատկել նաեւ Թուրինում, ապա եզրափակիչում նրա տեղը երաշխավորված կլինի: Չի բացառվում, որ նույնիսկ դառնա մրցանակակիրՙ:

Կանանց պայքարում ելույթ ունեցող Հայկանուշ Բեգլարյանը փետրվարին հաղթող է դարձել Իրանում կայացած միջազգային մրցաշարում: Սակայն Արսեն Պետրոսյանի կարծիքով, դա դեռ հաջողության գրավական չէ. ՚Իրանի մրցաշարի եւ Եվրոպայի առաջնության համեմատելու եզրեր չկան: Հայկանուշը Բեգլարյանի լավագույն արդյունքը 13.06 մետրն է, որը Հայաստանի ռեկորդ է: Սակայն այս արդյունքը Հայկանուշը պետք է մի փոքր բարելավի, որպեսզի հայտնի եզրափակիչումՙ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ելույթ կունենա Հայկանուշ Բեգլարյանը, որը ասպարեզ դուրս կգա մարտի 6-ին Թուրինի ժամանակով 17:40-ին: Արսեն Սարգսյանը որակավորման փուլին կմասնակցի մարտի 7-ին` 09:30-ին: Առաջնությունը կայանալու է Թուրինի ՚Օվալ Լինջոտոՙ մարզապալատում, որը կառուցվել էր 2006 թ. ձմեռային օլիմպիական խաղերի համար: Մարզապալատը ունի 8500 նստատեղ: