Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ վարպետներ` սամբոյից եւ ծանրամարտից

Սպորտ

13 հայ մարզիկների սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրամանով շնորհվել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Թեեւ հրամանը տվել էր Արմեն Գրիգորյանը, սակայն մարզիկներին համապատասխան վկայականներ տվեց ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման վկայականներ ստացողների թվում բացակայում էր միայն ծանրորդ, Եվրոպայի 2008 թ. առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը, որը բուժման նպատակով մեկնել է Ռուսաստան: Ցուցակում ընդգրկվածների թվում Խաչատրյանը միակ ծանրորդը չէր: Միջազգային կարգի սպորտի վարպետ դարձան երիտասարդ ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Առաքել Միրզոյանը եւ Արամ Ադրիկյանը: Այս 3 մարզիկներն էլ 2008 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճել էին արծաթե մեդալներ: Երիտասարդ մարզիկները վերջերս ընդգրկվել են նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականում եւ պատրաստվում են մասնակցել ապրիլին կայանալիք Եվրոպայի 2009 թ. առաջնությանը:

Ուշու մարզաձեւից վկայականներ ստացան 2008 թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Սասուն Հայրապետյանը եւ դարձյալ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սերգեյ Սեւյանը:

Ոչ օլիմպիական սամբո մարզաձեւից միջազգային սպորտի վարպետ դարձան միանգամից 4 մարզիկներ, որոնցից 2-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին` Ժաննա Վարդանյանը եւ Լիլիթ Պողոսյանը: Վերջինս 2007 թ. աշխարհի առաջնությունում գրավել էր 5-րդ հորիզոնականը, իսկ Ժաննան Եվրոպայի 2008 թ. առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ: Տղաներից վկայական ստացավ նախորդ տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էմին Ասլանյանը եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը:

Բռնցքամարտից կոչմանը արժանացան Եվրոպայի 2008 թ. չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը եւ նույն առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը:

Չէր անտեսվել նաեւ աթլետիկան, որի ներկայացուցիչներից միջազգային կարգ ստացավ հեռացատկորդ Արսեն Սարգսյանը, որը 2 օր անց մեկնելու է Թուրին` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: