Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը մեկնարկում է ոչ-ոքիով

Սպորտ

Իսպանիայի Լինարես քաղաքում մեկնարկեց ավանդական շախմատային սուպերմրցաշարը, որին այս տարի եւս մասնակցում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Առաջին տուրում Արոնյանի մրցակիցն էր նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Արոնյանը եւ Կառլսենը միասին նախորդ տարի ելույթ էին ունեցել Երեւանի ՚Միկայիՙ կազմում, սակայն այս անգամ հայտնի շախմատիստները մրցում էին իրար դեմ: Պարտիայում, որտեղ Լեւոնը հանդես էր գալիս սպիտակներով, արձանագրվեց ոչ-ոքի:

Խաղաղ ելք գրանցվեց նաեւ Պերես Դոմինգես-Ալեքսանդր Գրիշչուկ եւ Վանգ Յու-Վասիլի Իվանչուկ պարտիաներում: Իսկ ահա աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի նկատմամբ, արդյունքում գլխավորելով մրցաշարաին աղյուսակը:

Այսօր Արոնյանը կանցկացնի մրցաշարի ամենածանր պարտիան: Սեւերով Լեւոնը կմրցի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Իսկ Մոսկվայում շարունակում է ՚Աերոֆլոտիՙ մրցաշարը: 3-րդ տուրից հետո Ա2 խմբում ընդգրկված հայ շախմատիստներից 2-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Գրիգորյանցը եւ Հրանտ Մելքումյանը, որոնք ընթանում են 9-29-րդ հորիզոնականներում: Արման Փաշիկյանը, Վարուժան Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Զավեն Անդրեասյանը վաստակել են 1.5-ական միավոր: