Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականում 'վիրուս էր տարածվել'

Սպորտ

՚Հավաքականի 3 առաջատար բռնցքամարտիկներ չկարողացան մասնակցել երեւանյան մրցաշարին, քանի որ հիվանդ էին: Վիրուս էր տարածվել, որի պատճառով Կորյուն Սողոմոնյանը, Սարգիս Խաչատրյանը եւ Գոռ Երիցյանը ռինգ դուրս չեկան, իսկ մյուսները վիրուսը կրելով` դուրս եկան պայքարիՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:

Մարզահամերգային համալիրում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը մրցեց Վրաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ: Այս հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականի 23 անդամները միաբերան երգում էին Հայաստանի հիմնը, ինչը հազվագյուտ երեւույթ է հայկական սպորտում: ՚Նախքան մրցաշարը հավաքականը անցկացրեց 2 ուսումնամարզական հավաք: Ծաղկաձորի հավաքի ընթացքում ես տղաներին բաժանեցի Հայաստանի օրհներգի բառերը եւս ասացի, որ անպայման սովորեն: Պատանիները առաջադրանքը կատարեցին եւ մրցումների ժամանակ շատ հստակ կատարում էին Հայաստանի պետական օրհներգըՙ,-նշեց նա:

Խոսելով մրցաշարի մասին Ալեքսանյանը ընդգծեց, որ այն ցույց տվեց հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը. ՚Նմանատիպ մրցաշարերը շատ օգտակար են: Պատանիները միջազգային փորձ են ձեռք բերում: Գոհ եմ մեր ցածր քաշային կարգի բռնցքամարտիկներից: Իսկ ահա ծանր քաշերում խնդիրներ ունենք: Հայաստանը միշտ էլ ծանր քաշային կարգերում խնդիրներ է ունեցելՙ:

Մայիսին Երեւանում կայանալու է պատանիների աշխարհի առաջնությունը եւ մինչ այդ հավաքականը կլինի ձեւավորվամ փուլում. ՚Մարտին կայանալու է Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 150 պատանիներ: Այս առաջնությունից հետո կձեւավորվի հավաքականը, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների եւ 1-2 միջազգային մրցաշարի: Ինչպես արդեն նշեցի` մենք խնդիր ունենք ծանր քաշային կարգերում: Առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու: Պետք է լավ թիմով ներկայանանք աշխարհի առաջնությանըՙ: