Մեդալ չունեցանք
Աջակցիր «Ա1+»-ինՀայ սամբիստները ավարտել են ելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Բելառուսի բաց առաջնությունում: Մրցաշարը անցկացվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հովանու ներքո եւ հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը:
Հայաստանից առաջնությանը մասնակցեցին Աշոտ Դանիելյանը եւ Վաչիկ Վարդանյանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ մրցաշարը մերոնց համար հանդիսանում էր նախապատրաստական փուլ ապրիլին Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Հայ սամբիստները Մինսկում մեդալի չեն արժանացել, թեեւ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը մոտ է եղել հաջողությանը եւ ի վերջո հանգրվանել է 5-րդ հորիզոնականում:
Ավելորդ չէ նշել, որ Աշխարհի գավաթի խաղարկությունը կազմված է 5 փուլերից, սակայն Հայաստանի ներկայացուցիչները ֆինանսների բացակայության պատճառով մասնակցում են 1-2 փուլ, մինչդեռ արդյունքները ամփոփվում են 5-րդ փուլից հետո: Նման իրավիճակում հայ մարզիկների համար արդյունքը մղվում է 2-րդ պլան եւ գավաթի խաղարկությունը դառնում պարզապես ստուգողական մրցաշար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջիկայում պատրաստվում է անցկացնել Հայաստանի մեծահասակների առաջնություն: Հավանական է, որ այն կկայանա մարտ ամսին: Առաջնության ավարտից հետո վերջնականապես կձեւավորի Հայաստանի հավաքականը, որը ապրիլին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: ՚Հին աշխարհամասիՙ առաջնությունում Հայաստանը առավելագույնը կունենա 4 մասնակից: