Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

'Գանձասարը' մրցելու է 'Թուրքմենբաշիի գավաթի' համար

Սպորտ

Աշխաբադում վաղը մեկնարկում է ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ ավանդական ֆուտբոլային մրցաշարyը, որին այս տարի կմասնակցի նաեւ Կապանի ՚Գանձասարըՙ: Հայաստանի 2008թ. բրոնզե մեդալակիրը հայտնվել է Բ խմբում:

՚Գանձասարիՙ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցաշարը թիմի համար նախապատրաստական շրջանի մի մաս է, թեեւ հայկական թիմը պայքարելու է նաեւ լավ արդյունքի համար: Աշխաբադում Պետրոսյանը եւս մեկ անգամ փորձարկելու է հրավիրված լեգեոներներին: ՚Գանձասարիՙ կազմում չէ թիմի հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց կապանյան ակումբի կազմում: Պետրոսյանը մեկնել է Չինաստան, որտեղ պետք է փորձաշրջան անցնի տեղի թիմերից մեկում:

Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմի մրցակիցները կլինեն Տաջիկստանի փոխչեմպոին ՚Պարվոզըՙ, Բահրեյնի երիտասարդական հավաքականը եւ Թուրքմենստանի չեմպիոն ՚Աշխաբադըՙ: Ա խմբում են հայտնվել Լատվիայի բրոնզե մեդալակիր ՚Սկոնտոնՙ, իրանական ՚Խեմատըՙ, Ղրղզստանի փոխչեմպիոն ՚Աբդիշ Ատանՙ եւ Թուրքմենստանի գավաթակիր ՄՏՏՈՒ-ն:

Յուրաքանչյուր խմբի 2 թիմեր դուրս կգան կիսաեզրափակիչ, որտեղ կպայքարեն եզրափակիչի համար: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 35 հազար ԱՄՆ դոլար, որից 20 հազարը կստանա մրցաշարի հաղթողը: Արծաթե մեդալակիրը կվաստակի 10 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը` 5 հազար:

՚Թուրքմենբաշիի գավաթիՙ նախորդ 14 խաղարկություններից 10-ում հաղթել են Թուրքմենստանի ներկայացուցիչները, իսկ 4 անգամ գավաթը տարել են հյուրերը: