«ԼԱՏՎԻԱՆ ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»
Աջակցիր «Ա1+»-ին
«Տրամադրված ենք հաղթանակի: Կարեւորը, որ հրավիրված ֆուտբոլիստները վնասվածքներ չունեն եւ պատրաստ են դուրս գալ խաղադաշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտխան Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինս ազգային հավաքականի հետ գտնվում է Կիպրոսում, որտեղ վաղը Հայաստանը ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ:
Մրցակիցը, ըստ Մխիթարյանի, հայ ֆուտբոլիստներին անծանոթ է. «Լատվիայի մասին տեղեկությունները քիչ են: Մեր առաջիկա մրցակցի մասին եզրակացություններ արել ենք նախկինում ցույց տված արդյունքներով: Գիտենք, որ Լատվիան մասնակցել է «Եվրո-2004»-ի եզրափակիչ փուլին: Դա արդեն իսկ խոսուն փաստ է, սակայն միայն խաղը ցույց կտա, թե ինչի է ընդունակ ներկայիս Լատվիան»:
Հենրիխ Մխիթարյանը ընդգծեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է Հայաստանի հավաքականը, քան Լատվիայի կազմը. «Մեզ համար միեւնույն է, թե ինչ կազմով է մրցակիցը հանդես գալու: Կարեւորը, որ մենք լավագույնս օգտագործենք այս ընկերական հանդիպումը»:
20-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականում հանդես գալու որոշակի փորձ արդեն ունի: Հենրիխը 7 անգամ հագել է ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ ահա հրավիրված թեկնածուների շարքում կան մի շարք խաղացողներ, որոնց ընդհանրապես ելույթ չեն ունեցել ազգային հավաքականում. «Կարծում եմ պատահական չէ, որ մարզիչը հրավիրել է երիտասարդ ֆուտբոլիստների: Նրանք հավաքականում են նորեկներ, սակայն Հայաստանի առաջնությունում հանդես գալու փորձ արդեն ունեն, եւ նրանց կարողություններին շատերս ենք ծանոթ»: