ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Կիպրոս, որտեղ փետրվարի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի կադրային խնդիրներին ավելացել է եւս մեկը. վնասվածք է ստացել Սամվել Մելքոնյանը:
Փետրվարի 7-ին եւ 8-ին ազգային հավաքականը Յան Պոուլսենի գլխավորությամբ սկսել էր նախապատրաստվել Լատվիայի հետ մրցավեճին:
Ազգային թիմի ճամբարում էին սակավաթիվ խաղացողներ, քանի որ ֆուտբոլիստների մի մասը ազգային թիմին միանալու էին Կիպրոսում:
Վնասվածքի պատճառով հավաքականին չի միացել «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը, որին փոխարինել է «Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Վերջինս առաջին անգամ է հրավեր ստանում ազգային հավաքականից: Նախկինում Մանոյանը ելույթ չի ունեցել նույնիսկ երիտասարդական հավաքականում:
Հավաքականում կան նաեւ այլ նորեկներ: «Բանանցի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Սարգիս Կարապետյանը եւ Արսեն Բալաբեկյան դեռ ազգային թիմում որեւէ հանդիպում չեն անցկացրել:
Ազգային հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների մեծ մասը խաղային պրակտիկա չունի, քանի որ ձմռանը Հայաստանում նախապատրաստական շրջան է: Այս առումով Հայաստանը ծանր կացության մեջ է: Չի բացառվում, որ Կիպրոսում Հայաստանի հավաքականին միանա առանցքային կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը: Նախորդ շաբաթ նշվում էր, որ Պաչաջյանը չի մասնակցելու Լատվիայի հետ հանդիպմանը, քանի որ նոր ակումբ է փնտրում: Ներկայումս Լեւոնը գտնվում է Իսպանիայում, որտեղ փորձաշրջան է անցնում նորվեգական «Ֆրեդրիկստադում»:
Հիշեցնենք, որ տարբեր պատճառներով առաջիկա հանդիպումը բաց են թողնելու Ռոման Բերեզովսկին, Արտավազդ եւ Արման Քարամյանները, Համլետ Մխիթարյանը, Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Զեբելյանը: