ԱՐՍԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇ ՎԵՐՑՆԵԼ ՎԱԽԹԱՆԳԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին
«Չգիտեմ, թե ինչու մրցավարը դադարեցրեց մրցամարտը: Դեռ մեկ ռաունդ կար եւ ես դեռ հնարավորություն ունեի հաղթանակ տոնելու: Ժամանակ կար Դարչինյանին նոկաուտի ենթարկելու համար»,- ասել է մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեն Վախթանգ Դարչինյանից կրած պարտությունից հետո:
Երեկ առավոտյան կայացած մրցամարտում թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Դարչինյանը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, իսկ 11-րդ ռաունդում մրցավարը հաղթանակը շնորհեց հայ մարզիկին, քանի որ Արսեի ստացած վնասվածքները թույլ չէին տալիս նրան գտնվել ռինգում:
Մրցամարտից հետո մեքսիկացի բռցնքամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անցել է բուժզննում: Արսեն մի շարք վնասվածքներ է ստացել, իսկ դեմքի վրա մի քանի կար է դրվել, որից հետո մարզիկը դուրս է գրվել հիվանդանոցից:
Չնայած պարտությանը` Արսեն ընկճված չի եղել եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո խոսել է մրցամարտի մասին. «Ես մի քանի անգամ ցնցեցի Դարչինյանին: Ես իմ լավագույն հանդիպումներից մեկը անցկացրի: Իհարկե, կցանկանայի ռեւանշ մրցամարտ անցկացնել: Ինձ դուր չի գալիս, որ հանդիպումը ավարտվում է մրցավարի որոշմամբ»:
Արսեի պրոմոութեր Բոբ Արումը նշել է, որ Դարչինյանը հաղթեց ձախլիկ լինելու շնորհիվ. «Արսեն չի կարողանում հաղթել ձախլիկներին: Նա չգիտի, թե ինչպես կարող է դա անել: Ես արդեն զրուցել եմ մարզիչների հետ եւ նշել, որ Արսեն պետք է ուշադրություն դարձնի հենց այս հանգամանքի վրա: Երբ չես կարողանում պայքարել ձախլիկի դեմ եւ դիմադրում ես մինչեւ վերջ, ապա արժանի ես գովասանքի»:
Ինչ վերաբերվում է Դարչինյանին, ապա Ավստրալիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հարգանքով է խոսել մրցակցի մասին. «Ես չէի սպասում, որ նա այդքան կդիմադրի: Նա ուժեղ մարզիկ է: Ձգտում էի նոկաուտով հաղթել, բայց այսպիսի հաղթանակից հետո էլ եմ բավարարված: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մրցակցի»: