Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼ. ՀԱՂԹԵՑԻՆ ԼԵՀԵՐԻՆ

Սպորտ


Երեւանի «Միկան» Թուրքիայի Անթալիա քաղաքում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Հայ ֆուտբոլիստները հաղթանակ են տոնել` 1:0 հաշվով առավելության հասնելով լեհական «Պիաստ» թիմի նկատմամբ:


«Միկա» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ հաղթական գնդակը խփել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արամ Ոսկանյանը: Ընդգծենք, որ «Պիաստը» Լեհաստանի բարձրագույն խմբի մասնակիցներից է: Խորվաթ Իվո Շուշակի գլխավորությամբ «Միկան» դեռ մեկ շաբաթ կանցկացնի Թուրքիայում. այս ընթացքում նախատեսվում է անցկացնել եւս 2 ստուգողական մրցավեճ:


«Միկայի» կազմում ելույթ ունեցող Աղվան Մկրտչյանը, Արա Հակոբյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը պատրաստվում են վաղը Անթալիայից մեկնել Կիպրոս, որտեղ կմիանան Հայաստանի հավաքականին եւ կնախապատրաստվեն փետրվարի 11-ին կայանալիք Հայաստան-Լատվիա հանդիպմանը:


ՈՉ-ՈՔԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Հայկական մի շարք ակումբներ շարունակում են նախապատրաստական փուլը ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում: 2009թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները նաեւ ստուգողական հանդիպումներ են անցկացնում միմյանց հետ:


«Բանանցը» սեփական մարզաբազայում ընկերական հանդիպում է անցկացրել «Ուլիսում»: Թեեւ ստուգողական հանդիպումները սովորաբար գոլառատ են լինում, սակայն այս խաղում դարպասի գրավում չի արձանագրվել: «Ուլիսը» նախապատրաստական շրջանում բավական հաջող է հանդես գալիս: Նախքան այս թիմը 1:0 հաշվով առավելության էր հասել «Միկայի» նկատմամբ:


Ընկերական հանդիպում են անցկացրել նաեւ «Արարատը» եւ «Կիլիկիան»: Այս խաղում եւս գրանցվել է խաղաղ ելք` 1:1: