A ԽՄԲՈՒՄ ՄԵԴԱԼ ՉՈՒՆԵՑԱՆՔ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել «Մոսկով Օփենի» A խմբի մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար պայքարեց Ռաֆայել Վահանյանը, որը սակայն դուրս մնաց նույնիսկ լավագույն տասնյակից:
Մոսկովյան մրցաշարի կազմը առանձնապես ուժեղ չէր: A խմբում ելույթ էին ունենում 273 շախմատիստներ, որոնց շարքում ընդգծված ֆավորիտներ չկային: Հայաստանի ներկայացուցիչներից սպասելիքները մեծ էին օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանից եւ փորձառու Ռաֆայել Վահանյանից:
Այս շախմատիստները հաջող մեկնարկեցին եւ թվում էր` լինելու են մեդալի ռեալ հավակնորդները: Վահանյանը մրցաշարի միջնամասում 4 անընդմեջ հաղթանակ տոնեց: Սակայն մրցաշարի վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչը զիջեց դիրքերը եւ 6 միավորով հանգրվանեց 32-րդ հորիզոնականում: Էլ ավելի անհաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը 5.5 միավորը զբաղեցրեց 67-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները եւս աչքի ընկան համեստ արդյունքներով:
Իսկ հաղթողի կոչումը 7.5 միավորով նվաճեց Ալեքսանդր Օնիշչուկը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Հաղթողին 7-ական միավորով հաջորդեցին Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա) եւ Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):
B խմբի մրցաշարում Հայաստանի ներկայացուցչները փայլեցին: 9 հնարավորից վաստակելով 8.5 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Սուրեն Պողոսյանը: 8 միավորով Սուրենին հաջորդեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Գեւորգյանը: