Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Սպորտ

Այսօր, վաղ առավոտյան կայացավ երկար սպասված Վախթանգ Դարչինյան (Ավստրալիա)-Խորխե Արսե (Մեքսիկա) պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնական մենամարտը: Հանդիպեցին ռինգում հազվադեպ պարտվող 2 հանրահայտ մարզիկներ:

Հանդիպումից առաջ բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ էին համարում Վախթանգ Դարչինյանին, որը հանդիսանում է IBF-ի, WBC-ի եւ WBA-ի վարկածներով չեմպիոն թեթեւագույն քաշային կարգում:

Մենամարտն անցավ բավական լարված պայքարում եւ ավարտվեց միայն 11-րդ ռաունդում, երբ Խորխե Արսեն աջ աչքի լուրջ վնասվածքի պատճառով այլեւս չէր կարող շարունակել հանդիպումը: Մրցամարտը դադարեցնելու որոշում կայացրեց մրցավարը, եւ հաղթանակը անմիջապես շնորհվեց Վախթանգ Դարչինյանին, որը պահպանեց չեմպիոնական գոտիները:

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ 2 մարզիկները հանդես էին եկել բավական համարձակ հայտարարություններով: Արսեն նշել էր, որ թեեւ ֆավորիտը Վախթանգն է, սակայն ինքը ցույց է տալու, որ հայ մարզիկից չի վախենում.«Առավել քան վստահ եմ ուժերիս: Պատրաստավում եմ շոկի մեջ գցել մասնագետներին, որոնք նախապատվությունը տալիս են Դարչինյանին»: Իր հերթին Վախթանգը պատասխանել էր. «Հուսով եմ, Արսեն ժամանակից շուտ չի հանձնվի: Ես ցանկանում եմ երկար մենամարտել, որպեսզի նա երկար հիշի ինձ եւ երբեք չմոռանա»: