ՌՈԲԵՐՏԻ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՎՈՐԳԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը եւս չի մասնակցի փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Հայաստան-Լատվիա ընկերական մրցավեճին: Ռոբերտի փոխարեն ազգային թիմ է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը:
Վաղվանից ազգային հավաքականը կսկսի նախապատրաստվել առաջիկա մրցավեճին: Հավաքականի կազմում ընդգրկված խաղացողներից շատերը խաղային պրակտիկա չունեն:
Մասնավորապես, Վահագն Մինասյանը արդեն 2 ամիս է չի մարզվում «Արարատի» կազմում եւ ներկայումս անորոշ վիճակում է: Տեղեկություն կար, որ Մինասյանը սկսել է մարզվել Երեւանի «Փյունիկի» հետ, սակայն այս լուրը հերքեց Վարդան Մինասյանը. «Վահագն Մինասյանի մասին տեղեկությունները, որոնք այս օրերին տարածվել են Հայաստանում, իրականությանը ընդհանրապես չեն համապատասխանում: Մենք տեղյակ ենք, որ նա դատական հայց է ներկայացրել «Արարատ» եւ ցանկանում է հեռանալ այդ թիմից, սակայն «Փյունիկի» հետ նա չի մարզվել»:
Առայժմ անորոշ է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի (ԳԱԻՍ, Շվեդիա) հետագա ճակատագիրը: Պաչաջյանը Լատվիայի հետ հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ նոր ակումբ է փնտրում: Ներկայումս հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում նորվեգական «Ֆրեդրիկստադում»:
«Եթե Պաչաջյանին չհաջողվի նո թիմ գտնել, ապա նա առաջիկա ամիսներին ելույթ կունենա «Փյունիկում», թեեւ ավելի լավ կլիներ, որ Լեւոնը հանդես գար որեւէ եվրոպական թիմում»,-նշեց Վարդան Մինասյանը, որը հանդիսանում է նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզիչը:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը աստիճանաբար ամրապնդվում է դանիկան «Ռանդերսի» կազմում: Նախորդ տարի Ռոբերտը հիմնականում ընդգրկվում էր պահեստայինների թվում: «Ռանդերսը» ներկայումս մարզվում է նոր մարզչի գլխավորությամբ, որը հայ պաշտպանին ստուգողական հանդիպումներում ընդգրկում է հիմնական կազմում: