ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կալիվանովը հավաքական է հրավիրել Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Արթուր Մալոյանին:
Փետրվարի 8-12-ը Ռուսաստանի երիտասարդականը Թուրքիայում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի եւ մարզիչը ցանկություն է հայտնել, որ Արթուրը եւս մասնակցի հավաքին:
Արթուր Մալոյանը հրավեր ունի նաեւ Հայաստանի ազգային հավաքականից, սակայն արդեն 1 տարի է չի կարողանում վերջնականում որոշում կայացնել. հանդես գալ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի դրոշի ներքո:
19-ամյա հարձակվողի հետ ամիսներ շարունակ բանակցություններ է վարում ՀՖՖ-ն, բայց հավանական է, որ Մալոյանը ընտրի ռուսական տարբերակը:
Հայաստանի հավաքականում հանդես գալու դեպքում Արթուրը պետք է ստանա Հայաստանի քաղաքացիություն: Այդ դեպքում Մալոյանը «Սպարտակում» անմիջապես կստանա լեգեոների կարգավիճակ, իսկ Ռուսաստանում լեգեոներների թիվը սահմանափակ է:
Ի դեպ, լեգեոների կարգավիճակից խուսափելու համար առայժմ Հայաստանի հավաքականում չի ցանկանում հանդես գալ նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Վերջինս օրերս հայտարարել է, որ որպես լեգեոներ դժվար կլինի Ռուսաստանում ակումբ գտնելը եւ դեռ չի ցանկանում ելույթ ունենալ Հայաստանում: