ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ից մարտի 8-ը կայանալիք Լինարեսի միջազգային ավանդական սուպերմրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Սովորաբար այս մրցաշարը կայանում է Իսպանիայի Լինարես եւ Մեքսիկայի Մորելիա քաղաքներում, սակայն այս տարի գրոսմայստերները կպայքարեն միայն Իսպանիայում: Մեքսիկական կողմը պատրաստվում է մրցաշար վերադառնալ հաջորդ տարվանից:
Այս տարի Լինարեսում հանդես կգան Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վանգ Յուն (Չինաստան) Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Լոպես Դոմինգեսը (Կուբա):
Վիշվանաթան Անանդի համար սա կլինի առաջին մրցաշարը 2008թ. չեմպիոնական մրցամարտից հետո: Վերջին ամիսների ընթացքում աշխարհի չեմպիոնը հանգստանում էր եւ նախապատրաստվում առաջիկա մրցաշարին:
Նախատեսվում էր, որ Լինարեսում ելույթ կունենա նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը, սակայն նա հրաժարվել է մասնակցել, քանի որ շուտով մրցամարտ է անցկացնելու Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:
Լինարեսի մրցաշարը համարվում է խոշորագույններից մեկը աշխարհում: Այն Վեյկ ան Զեեի, Մ-Տել Մաստերսի եւ Բիլբաո Մաստերիս հետ միասին հանդիսանում է «Մեծ սաղավարտի» մրցաշար:
Իսպանիայում անցկացվող ավանդական մրցաշարը առաջին անգամ անցկացվել է 1978թ.: Անցնող 30 տարիների ընթացքում Լինարեսում ամենահաջողը հանդես է եկել լեգենդար Գարի Կասպարովը, որը հաղթել է 8 անգամ:
Լեւոն Արոնյանը Լինարեսի մրցաշարում հանդես կգա 4-րդ անգամ: Արոնյանը այս մրցաշարում հաղթել է 2006թ.: