Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Սպորտ


Տիգրան Քոթանջյան-Տիգրան Պետրոսյան պարտիան կենտրոնականն էր շախմատի Հայաստանի տղամարդկանց 2009թ. առաջնության 11-րդ տուրում: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր եւ յուրաքանչյուր մրցավեճ արդեն էական նշանակություն ունի մասնակիցների համար:


2 Տիգրանների հանդիպումը չարդարացրեց սպասելիքները: Առաջատար Տիգրան Քոթանջյանը հանդես գալով սպիտակներով առանձնապես ռիսկի չդիմեց: Նույնը կարելի է ասել նաեւ Տիգրան Պետրոսյանի մասին, որի համար հաղթանակը ավելի մեծ նշանակություն կուներ: Արդեն 15-րդ քայլին Քոթանջյանը Հայաստանի հավաքականի անդամին առաջարկեց ոչ-ոքի եւ ստացավ դրական պատասխան: Տիգրան Քոթանջյանը 7.5 միավորով պահպանեց առաջին հորիզոնականը, իսկ ահա Պետրոսյանը 6.5 միավորով առաջատարին հետապնդողների թվում է:


Առաջին հորիզոնականին ընդհուպ մոտեցավ Արման Փաշիկյանը, որը այս տուրում սեւերով հաղթեց Հրանտ Մելքումյանին: Փաշիկյանը իր ակտիվում ունի 7 միավոր: Արմանը ընթացիկ առաջնության ամենաանկանխատեսելի շախմատիստն է: Երիտասարդ գրոսմայստերը ընդամենը 2 պարտիա է ավարտել ոչ-ոքի, իսկ մնացածում կամ հաղթել է(6), կամ պարտվել (3):


Առաջնության միակ մասնակիցը, որը դեռ պարտություն չի կրել Զավեն Անդրեասյանն է: 2006թ. Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողը այս տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց Արթուր Չիբուխչյանի հետ: Անդերասյանը անցկացրած 11 պարտիաներից 9-ում խաղաղությամբ է բաժանվել մրցակիցներից: Մի քանի անհաջող հանդիպումներից հետո կես միավոր վաստակեց Տիգրան Նալբանդյանը, որը սպիտակներով մրցում էր Ավետիք Գրիգորյանի հետ: