ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի 2007-08թթ. առաջնությունների ետնապահ «Կիլիկիան» այս տարի եւս հանդես կգա տեղացի ֆուտբոլիստներով: Թիմի կազմում արտասահմանցի լեգեոներներ չեն լինելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ակումբի տնօրեն Արտաշես Ավետիսյանը:
«Կիլիկիան» արդեն սկսել է մարզումները «Հրազդան» մարզադաշտում եւ «Կիլիկիա» մարզադահլիճում: Արտաշես Ավետիսյանը հայտնեց, որ թիմը համալրել են մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ:
«Պայմանագիր ենք կնքել «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Մխիթար Գրիգորյանի հետ: «Կիլիկիայում» է նաեւ պատանի ֆուտբոլիստ Ռաֆիկ Հարությույանը, որը Արտաշատի ֆուտբոլային մարզադպրոցի սան է: «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Ստեփանյանը եւ «Ուլիսի» նախկին խաղացող Վահագն Գեւորգյանը եւս հանդես կգան «Կիլիկիայում»»,-նժեց Արտաշես Ավետիսյանը: Թիմից հեռացողների թվում է միայն Հովհաննես Մելքոնյանը, որի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:
«Կիլիկիայի» ղեկավարությունը նախատեսում է նախքան Հայաստանի գավաթի եւ առաջնության մեկնարկը անցկացնել մեկ ուսումնամարզական հավաք արտերկրում: Հավանաբար հավաքը տեղի կունենա փետրվարին Բաթումի քաղաքում, որտեղ մարզվելու բավական լավ պայմաններ կան: Բացի այդ փետրվարին Բաթումիում հավաք են անցկացնում մի շարք այլ թիմերը, ինչը հնարավորություն կստեղծի «Կիլիկիայիում» անցկացնել մի շարք ստուգողական հանդիպումներ:
Հիշեցնենք, որ 2008թ. առաջնությունից հետո «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը պաշտոնանկ էր արվել, իսկ նրա փոխարեն թիմը գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը: