Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ

Սպորտ


«Համագործակցության գավաթի» խաղարկությունում «Արարատի» ձախողման պատճառը պատրաստվածության ցածր մակարդակն էր: Այդ կարծիքին է «Արարատի» գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանը: Մարզիչը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ խմբային մրցաշարում իր սաները կարող էին լրիվ այլ արդյունքի հասնել. «Առաջին խաղում մենք 1:3 հաշվով պարտվեցինք Ղազաստանի չեմպիոն «Ակտոբեին», որը 3 գնդակներն էլ խփեց առաջին կեսում: Մինչեւ հարմարվեցինք արհեստական ծածկին մրցակիցը արդեն 3 գնդակ էր ուղարկել մեր դարպասը: Իսկ ահա 2-րդ կեսում մենք դարպասը անառիկ պահեցինք եւ մեկ գոլի հեղինակ դարձանք»:


Հաջորդ խաղում «Արարատը» 1:4 հաշվով պարտվեց «Պախտակորին»: Այստեղ արդեն անփույթ խաղով աչքի է ընկել թիմի դարպասապահ Գեւորգ Պրազյանը. «Առաջին կեսում հավասար խաղ էր ընթանում եւ «Արարատը» ոչնչով չէր զիջում մրցակցին: Անփույթ խաղաց դարպասապահը, բացի այդ տղաները 2-րդ կեսում արդեն չէին կարողանում հավասար պայքար մղել»:


Առավել հաջող է ստացել Ռուսաստանի չեմպիոնի «Ռուբինի» հետ մրցավեճը. «Շատ լավ էինք սկսել խաղը եւ ինչպես գիտեք հաղթում էինք 2:0 հաշվով, բայց խաղավերջում 3 գնդակ ընդունեցինք: Նախքան մրցաշարի մեկնարկը «Արարատը» չէր կարողացել պատրաստվել ինչպես հարկն է, որի արդյունքում տղաները 2-րդ կեսում արդեն չէին կարողանում դիմադրել»:


Մոսկվայում «Արարատը» հանդես է եկել միայն տեղացի ֆուտբոլիստներով: Հավանական է, որ թիմը Հայաստանի առաջնությունում եւս հանդես գա առանց լեգեոներների. «Ներկայումս մեզ մոտ փորձաշրջան են անցնում Վիրաբ Մեյթիխանյանը (նախորդ մրցաշրջանում ելույթ է ունեցել «Միկայում») եւ Գոռ Աթակեբյան (հեռացել է «Ուլիսից»): Հավանական է, որ նրանց հետ կկնքենք պայամանգիր»:


Վերջին շրջանում «Արարատի» հետ էր մարզվում նաեւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գալուստ Պետրոսյանը, սակայն Աշոտ Կիրակոսյանը հայտնեց, որ Պետրոսյանը մեկնել է Իրան եւ մինչեւ մայիս հանդես կգա հարեւան հանրապետությունում:


Ինչ վերաբերվում է «Արարատի» բրազիլացի լեգեոներներին, ապա նրանք ելույթները կշարունակեն Փարիզի «Արարատում», իսկ Հայաստան կժամանեն միայն ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ: Մինչեւ Հայաստանի առաջնության մեկնարկը «Արարատը» փետրվարին պատրաստվում է երկշաբաթյա հավաք անցկացնել Խորվաթիայում: