Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՄԲՇԱՄԱՐՏԻՑ ԱՆՑԱՎ ՖՈՒՏԲՈԼԻՆ

Սպորտ


ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը նախորդ տարի հանդիսանում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ձեռք է բերել Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Վերջինս մինչ այս պատկանում էր ԱԺ մեկ այլ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:


«Փյունիկ» ակումբում այս տեղեկությունը հաստատեցին, նշելով, որ այժմ ընթանում են իրավաբանական գործընթացներ, ուստի մանրամասների մասին խոսել հնարավոր չէ: Սակայն գործարքի ավարտից հետո կազմակերպվելու է մամուլի ասուլիս:


Հիշեցնենք, որ «Փյունիկը» անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է, որը վերջին 8 տարիներին դարձել է Հայաստանի չեմպիոն: Ակումբը մշտապես եղել է Ռուբեն Հայրապետյանի հովանավորության տակ:


Ինչ վերաբերվում է Սամվել Ալեքսանյանին, ապա ֆուտբոլի հետ առնչություն գործարարը մինչ այս չի ունեցել, սակայն սպորտում նա հայտնի է եղել որպես ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: 2008թ. դեկտեմբերին ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ դարձավ «Տաշիր» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ Սամվել Ալեքսանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրաժարականի դիմում էր ներկայացրել զբաղվածության պատճառով:


Մինչ «Փյունիկի» սեփականատերը փոխվում է, թիմը շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին եւ հունվարի 25-ին կմեկնի Սոչի, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք: