Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ԹԵ ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ


2009թ. Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը սեպտեմբերի10-13-ը կայանալու է Երեւանում, սակայն ձյուդոյի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղակայված օրացույցում Հայաստանի փոխարեն նշել է Ալբանիա:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը վստահեցրեց, որ իրականում առաջնությունը ընդունելու է Հայաստանը. «Այդ իրավունքը մենք ստացել էինք ամիսներ առաջ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հետ երկարատեւ բանակցություններից հետո: Վերջերս Հայաստանի թեկնածությունը վերջնականապես հաստատվել է եւ որեւէ կասկած չկա, որ Երեւանում են մրցելու Եվրոպայի ուժեղագույն երիտասարդները: Մի շարք եվրոպական առաջատար պետություններ էին ցանկանում ստանալ նման իրավունք, սակայն միջազգային ֆեդերացիան այդ իրավունքը տվեց Հայաստանում»:

Ինչ վերաբերվում է պաշտոնական կայքում նշված Ալբանիային, ապա ըստ երեւույթին, կայքի աշխատակիցները ARMENIA-ի փոխարեն գրել են ALBANIA:

Ալեքսան Ավետիսյանը ընդգծեց, որ Եվրոպայի առաջնության մասնակցելու հրավեր են ստանալու եվրոպական ֆեդերացիայի բոլոր անդամները` այդ թվում նաեւ Ադրբեջանը. «Մենք Ադրբեջանին հրավեր ուղարկելու ենք: Դժվար է ասել, թե հարեւան հանրապետությունից ինչ պատասխան կստանանք, սակայն մենք պատրաստ ենք ընդունել նաեւ նրանց պատվիրակությանը»:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ այս տարի նախատեսված են նաեւ մի շարք այլ միջազգային մրցաշարեր: Մասնավորապես մայիսին այս կառույցում կկայանա բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը: