ՏԻԳՐԱՆԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը փորձաշրջան է անցնում Սլովակիայի փոխչեմպիոն «Ժիլինիա» ակումբում: Ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն մի քանի մարզում է անցկացրել «Ժիլինայում»:
Ղարաբաղցյանը, որը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, 2008թ. Հայաստանի առաջնությունից հետո հեռացավ Երեւանի «Փյունիկից»: Որոշ ժամանակ մնալով Երեւանում, հունվարին ֆուտբոլիստը մեկնել է Սլովակիա, որտեղ նրան հրավիրել է «Ժիլինա» ակումբը:
«Առայժմ ես փորձաշրջան եմ անցնում այս թիմում, ուստի հստակ ոչինչ ասել չեմ կարող: «Ժիլինան» լավ տպավորություն է թողել եւ բավական ուժեղ կազմ ունի: Թիմը մարզվում է փորձառու մարզիչ Դուշան Ռադոլսկին, որը տարիներ առաջ աշխատել է նաեւ Սլովակիայի ազգային հավաքականում»,-ասաց Տիգրան Ղարաբաղցյանը:
Ներկայումս «Ժիլինան» մեծ ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում: Բացի Տիգրան Ղարաբաղցյանից ակումբում փորձաշրջան են անցում մի շարք այլ արտասահմանցիներ: Օրերս «Ժիլինայի» առանցքային ֆուտբոլիստ Պետեր Պեկարիկը 1.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»:
«Ժիլինան» Սլովակիայի ամենահին ակումբներից է, որտեղ հիմնվել է Ժիլինա քաղաքում: Թիմը 101 տարվա պատմություն ունի եւ այս ընթացքում 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն: Սլովակիայի առաջնություններում «Ժիլինան» նման հաջողությունների է հասել 21-րդ դարում: Վերջին անգամ ոսկե մեդալներ թիմը նվաճել է 2007թ., իսկ 2008թ. առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:
Եվրագավաթների խաղարկություններում «Ժիլինան» աչքի ընկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2008-09թթ. խաղարկությունում` մտնելով խմբային մրցաշար: F խմբում սլովակները գրավեցին 4-րդ հորիզոնականը եւ չկարողացան շարունակել պայքարը, սակայն մինչ մրցաշարին հրաժեշտ տալը Բիրմինգհեմում 2:1 հաշվով առավելության հասան «Ասթոն Վիլայի» նկատմամբ: