ՍԵՐԲԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԵՆ «ԳԱՆՁԱՍԱՐԸ»
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի «Գանձասարը» առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել 2 սերբ եւ 1 վրացի ֆուտբոլիստների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն այս խաղացողները փորձաշրջան են անցել թիմում:
«Սերբերը վերադարձել են հայրենիք եւ մի քանի օրից կվերադառնան Հայաստան: Նրանց փորձարկել ենք եւ պատրաստվում են կնքել պայմանագիր: Նույնը կարող եմ ասել նաեւ վրաց ֆուտբոլիստի մասին, որը փորձաշրջան էր անցնում մեզ մոտ: Առաջիկայում ավելի մանրամասն կտեղեկացնենք, թե ովքեր են այս խաղացողները եւ նախկինում որտեղ են հանդես եկել»,-նշեց Սամվել Պետրոսյանը:
Վերջին շրջանում «Գանձասարի» հետ էր մարզվում նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, սակայն փորձառու ֆուտբոլիստը Կապանում չի մնա. «Ռոմիկը առաջարկ ուներ Չինաստանից եւ մեկնելու է ելույթները շարունակելու այդ երկրում»:
«Գանձասարից» հեռացել է նաեւ թիմի առանցքային ֆուտբոլիստ Գագա Թիբիլաշվիլին, որը արդեն պայմանագիր է կնքել «Ուլիսի» հետ:
Առաջիկայում կապանյան թիմում փորձաշրջան կանցնեն մի շարք արտասահմանի խաղացողներ:
«Փետրվարին մենք մասնակցելու են Աշխաբադում կայանալիք «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը: Մինչ այդ թիմը նոր համալրումներ կունենա: Մասնավորապես կփորձարկենք արտասահմանցի դարպասապահի: Կլինեն խաղացողներ նաեւ այլ ամպլուաների համար»,-ասաց Սամվել Պետրոսյանը:
«Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությունում հաջող հանդես գալու համար «Գանձասարը» մրցաշարի մեկնարկից 1 շաբաթ շուտ է մեկնելու Աշխաբադ.«Նախատեսում ենք Աշխաբադում անցկացնել 2 ստուգողական հանդիպում: Դրանից հետո միայն կմասնակցենք մրցաշարին: Թուրքմենստանից վերադառնալուց հետո նախատեսում ենք եւս մեկ հավաք անցկացնել Անթալիայում»:
Հիշեցնենք, որ «Գանձասարը» 2008թ. Հայաստանի առաջնությունում գրավել էր 3-րդ հորիզոնականը` առաջին անգամ իր պատմության մեջ դառնալով մրցանակակիր: Թիմը իրավունք է ստացել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի գավաթի 2009-10թթ. խաղարկությանը: