ԱՐՈՆՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում վաղը մեկնարկում է «Կորուս-Չես-2009»-ը հեղինակավոր ավանդական մրցաշարը, որին կրկին մասնակցելու է Լեւոն Արոնյանը: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները գտնում են, որ Արոնյանը հաղթողի ռեալ հավականորդներից է:
Մրցաշարին մասնակցելու են 14 հայտնի գրոսմայստերներ, որոնց թվում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա):
Լեւոն Արոնյանը ուղիղ մեկ տարի առաջ արդեն հաղթել է Վեյկ ան Զեեում եւ ներկայումս էլ լավ մարզավիճակում է: Պետք է ընդգծել, որ նախորդ տարվա համեմատ մրցաշարի կազմը զգալիորեն թուլացել է: Հոլանդիա չեն ժամանելու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Առաջատար այս գրոսմայստերները նախորդ տարի պայքարում էին հաղթողի կոչման համար, սակայն, ի վերջո, հաջողության հասավ Արոնյանը:
Հայ շախմատիստը հաջող է հանդես եկել նաեւ 2007թ. մրցաշարում, երբ Տոպալովի եւ Ռաջաբովի հետ միասին դարձավ մրցաշարի հաղթող:
2009թ. մրցաշարում Լեւոնի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 4.50 գործակից: Մի փոքր ավելի բարձր է դասվում Կառլսենի եւ Իվանչուկի հաղթանակը, որոնց հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում 4.00 գործակցով: Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի` Ալեքսանդր Մորոզեւչի հնարավորությունները գնահատվել են 7.00 գործակցով: Կառլսենը, Իվանչուկը եւ Մորոզեւիչը մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներն են, իսկ ահա Արոնյանը (2750) վարկանիշով 6-րդն է:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ առաջին տուրի հանդիպումները գրոսմայստերները կանցկացնեն հունվարի 17-ին: Մրցաշարին մասնակից 14 շախմատիստները մեկական անգամ կհանդիպեն միմյանց հետ` անցկացնելով 13 պարտիա: